Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհավորական ուղերձը նախագահ Սարգսյանին

Մանրամասներ

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.

«Պարոն նախագահ, սիրելի Արմեն,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս:
Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում:

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը:

Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում:

Այս խորհրդանշական առիթով, վերահաստատելով բարեմաղթանքներս՝ խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/33e854bcaf790350dfff84bfbbd71b8d

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»