Ողջ Սյունիքը ոտքի է կանգնելու

Մանրամասներ

1

Ընդդիմադիրների ուսերին է մնացել այն ծանր պատասխանատվությունը, որ մենք ժողովրդին առաջարկենք ազգային զարգացման տեսլական: Կարծում եմ՝ սրա վրա ապագայում հատուկ շեշտադրում կունենանք: Որևէ ժողովուրդ չի կարող առաջ նայել, որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չունենա տեսլական:Այս մասին քիչ առաջ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» խորագրով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Վերածնվող Հայստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը։

«Գաղափարական սնանկությունը ևս լուրջ մարտահրավեր է մեզ համար, իշխանությունից որևէ կերպ սրա լուծումները գտնել հնարավոր չէ, ինչպես նաև մնացած բոլոր ասպեկտներում, հետևաբար, շատ ակտիվ պետք է նաև սրանով զբաղվենք։ Ինչ վերաբերվում է հետապնդումներին, ապա վստահ եմ՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումները չեն կարող ազդել սյունեցիների  ոգու վրա:

Համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այն բանից հետո, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել. դեկտեմբերի 17-ին, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջեինք Սյունքի անվտանգության գոտին: Բայց միայն համայնքապետերը չէին դեմ այս որոշմանը, ողջ Սյունիքն էր ոտքի կանգնել:

Եթե այս իշխանությունների մոտ կա թյուրընկալում, որ միայն համայնքապետերին չեզոքացնելով կարելի է ընդհանրապես ճնշել ժողովրդին, վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու։Ես, իհարկե, շփվում եմ սյունեցիների հետ ու անկախ նրանից, թե ինչպիսի էին ընտրության արդյունքները, նույնիսկ այն սյունեցիները, որոնք իրենց ձայնը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուրժելու հերթական զիջումը:

Սա փաստ է, ուստի անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետերին ձերբակալել, կալանավորվել, և սյունեցիները նստելու են տանն ու չեն ընդդիմանալու հերթական զիջմանը, հատկապես երբ թշնամի երկրի ղեկավարի կողմից հնչում են արտահայտություններ, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են, պետք է վերադառնան: Ոչ,այդպես չի լինելու, ողջ Սյունիքը ոտքի է կանգնելու դա թույլ չտալու համար։ Այսօր Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական, երբեմն չես էլ հասկանում, որ տարածքն է այս իշխանության կողմից հայտարարված ադրբեջանական, որը հայկական»,- ասաց Գրիգորյանը։