«Մի կողմից «դուխովներն» են, մյուս կողմից` «խելքովները»

Ոչ ոք մեր փոխարեն միայնակ չի լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում հասարակության բևեռացումը հասել է ծայրաստիճան լարվածության: Մի կողմից «դուխովներն» են, որոնց մոտ եթե ռիսկ անես որևէ, թեկուզ փոքրիկ, քննադատական խոսք ասել նոր իշխանության հասցեին, քեզ ուղղակի փրթիկ-փրթիկ կանեն, մյուս կողմից` «խելքովները», որոնք ոչ մի առիթ բաց չեն թողնում նոր իշխանության ցանկացած սխալ, սայթաքում աշխարհի վերջ ներկայացնելու, բամբասանքներ տարածելու, անառողջ կրքեր բորբոքելու և «դուխովների» սնանկությունը ցույց տալու համար: «Կլասիկների» մասին չեմ էլ խոսում, որովհետև դրանց ողջ գործունեության իմաստը եղել է մակաբուծելը ցանկացած իշխանության հաշվին, մի քանի տաքուկ տեղեր փախցնելն ու հարկատուներիս հաշվին ապրելը։ Ու այս գերտհաճ իրականության մեջ ցանկացած ռացիոնալ միտք, ուղիղ ասված խոսք փորձ է արվում տեղավորել այս անտրամաբանական «տրամաբանության» մեջ և մարդկանց դիրքավորել այս կամ այն ճամբարում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ես երբեք չեմ եղել ու չեմ լինի ոչ «դուխով», ոչ էլ «խելքով», որովհետև մարդկային տեսակը շատ ավելի հարուստ ու արժանավայել որակներ ունի, քան պարզապես «դուխը» և մարդկային միտքը շատ ավելի լայնաշերտ է, քան «դուխ»-ին ժխտող «խելքը», (դե իսկ «կլասիկ» կոչումը գտել է իր արժանի տիրոջը` ի դեմս ՀՀԿ-light կուսակցության), ինչպես նաև ես երբեք չեմ լինի ոչ մի ճամբարում, որովհետև իմ միակ ճամբարն իմ երկիրն է: Կոչ եմ անում բոլորին վերջապես դուրս գալ այդ կաղապարներից և կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու նրանց լուծման վրա: Կոչ եմ անում յուրաքանչյուրիս վերջապես հասկանալ, որ պետությունը մենք ենք, և պետականաշինությունը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է` ամեն մեկինն իր տեղում: Ոչ ոք մեր փոխարեն միայնակ չի լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները, որքան էլ սիրված և լեգիտիմ լինի, եթե անգամ ունենա աշխարհի ամենապրոֆեսիոնալ թիմը: Դա նախևառաջ մեր պարտքն է ու մեր գործը»: