Ոստիկանության քրեականի նոր պետը գաղտնի շտաբ է ստեղծել՝ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն իշխանություններն արդեն լծվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելու գործին։ NEWS.am–ի աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին Փաշինյանի օգտին նախընտրական քարոզչություն է իրականացնում և կոնկրետ համայնքներում  գաղտնի շտաբային աշխատանքներ համակարգում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության պաշտոնյային այդ գործում աջակցում է եղբայրը՝ «ԷՄ ՋԻ» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Արսեն Վարդանյանը։

Կայքի փոխանցմամբ՝  ծնունդով վարդենիսցի եղբայրները ստանձնել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Վարդենիս համայնքում Փաշինյանի համակիրների հավաքագրման և ընտրողների ցուցակներ կազմելու պատասխանատվությունը։

 
Նշվում է, որ Վարդան Վարդանյանը կարիերայի  թռիչքաձև  աճ է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Վարդանյանը  իշխանափոխությունից հետո մինչև 2020թ. հունվարը զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, որից հետո պաշտոնանանկ է արվել և 6 ամիս մնացել ոստիկանության կադրերի ռեզերվում, ապա 2020թ. հունիսին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը: Վարդանյանը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնին է նշանակվել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրման օրը։ Մեզ հայտնի դարձավ, որ ընտրություններից առաջ իշխանությունների օգտին աշխատելու համար Վարդան Վարդանյանն իր նվիրվածություն է հայտնում Փաշինյանին՝  ոստիկանության համակարգում վերականգնվելու, ապա նաև նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար։ Իսկ նրա գործարար եղբայրը Փաշինյանին աջակցելով հույս ունի առանց վարչարարական խոչընդոտների ընդլայնել իր բիզնեսը։

Ուշագրավ է, որ եթե նախկինում ընտրություններից առաջ ակտիվանում էին քրեական հեղինակություններն ու թաղային խմբավորումները, ապա այս անգամ իշխանությունները որոշել են իրենց վերարտադրությունը կազմակերպել ուժային կառույցների՝ այս դեպքում ոստիկանության միջոցով։

«ՀՀ ընտրական օրենսգիրքն» արգելում նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուժային կառույցների, այդ թվում ոստիկանության ծառայողներին։ Իսկ ոստիկանության կարգապահական կանոնագրքով էլ ոստիկանության ծառայողը պարտավոր է՝ նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության։ Էթիկայի հիշյալ կանոնի խախտումը կարող է առաջ բերել օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:

Մասնավորապես մարզային եւ քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն եւ այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ եւ ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:

Կայքի տեղեկություններով՝ ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, եւ ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները  հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ: