Արմեն Սարգսյանը կդառնա այս պետական հանցագործության մեղավորը. Սա սահմանադրական կարգի տապալում է

Նախագահը որպես հետևանք կրելու է պատասխանատվություն

ա

Եթե Հանրապետության նախագահը վաղը մինչեւ 10։00-ն չկատարի օրենքով սահմանված իր գործառույթները, ապա։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատմանը:

Ըստ Ղազինյանի՝ նախագահը ստեղծված իրավիճակում պետք է ստանձնի պատասխանատվություն՝ որպես պետության գլուխ. «Իր վրա վերցնի կայունացման գործառույթը եւ դառնա միջնորդ երկու կողմերի միջեւ՝ փորձելով բերել մի ընդհանուր շահի եւ այդ շահի վրա ապագայի ձեւավորմանը։ Կամ նախագահը դա կանի վերկուսակցական մակարդակում՝ լինելով արբիտր քաղաքական երկու բեւեռների, կամ կդառնա մի քաղաքական բեւեռի շարունակություն, այսինքն՝ բավարարելով Նիկոլ Փաշինյանի զգացմունքները կամ նրա կողմից առաջ մղվող շահերը՝ դառնալով դրանք ներկայացուցիչը»։

Արթուր Ղազինյանը նշեց, որ նախագահը որպես հետեւանք կրելու է պատասխանատվություն նաեւ իր այդ որոշման համար։

Ղազինյանը շեշտեց, որ նախագահը չունի լիազորություն՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողի լիազորությունները դադարեցնելու. «ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ ընթացակարգ սահմանված չէ։ Այսինքն՝ 5 տարով նշանակումն արդեն խոսում է նրա երաշխավորված պաշտոնավարման եւ քաղաքական ուժերի հարաբերակցություններից զատ մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորության մասին։ Հայաստանում վերջին տարիներին Սահմանադրությունն ուղղակի ոտնատակ է տրվել իրենց քաղաքական շահերի տիրույթում։

Այս իշխանությունները դպրոցական գիտելիք չունեն իրավունքի մասին։ Նրանք Սահմանադրությունը հիշում են այն ժամանակ, երբ իրենց պետք է ինչ-որ մի բան վնասել կամ քանդել։ Երբ Սահմանադրությունը սահմանափակում կամ կաշկանդում է իշխանության գործողությունները, նրանք անմիջապես հիշում են ժողովրդի իշխանության մասին, ասում են՝ դա ժողովուրդն է պահանջում, ժողովուրդը սահմանադիր է»։

Նա պնդեց՝ կա փաստ, որ Հանրապետության նախագահը չի կատարում պետության գլխին լինելու իր հիմնական գործառույթը։ 

«Այստեղ գլխավոր պայմանը ԳՇ պետի անձնական ցանկությունն է, կամ եթե նա կատարել է օրենքով արգելված որեւէ արարք։ Այս գործընթացը սահմանադրական կարգի տապալում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բանակը ներքաշեց քաղաքական գործընթացների մեջ։ Եթե նախագահը մինչեւ այսօր ժամը 18։00-ն, կամ վաղը մինչեւ 10։00-ն չկատարի օրենքով սահմանված իր գործառույթները, ապա նա եւս կդառնա մեղավոր այդ պետական հանցագործության մեջ»,- նշեց Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: