Ռուսաստանը հակամարտության կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում

«Հադրութի շրջանում ավտոմատ զենքից արձակված կրակահերթ է արձանագրվել: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման մասին պահանջը». ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչ

ռուս

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքից բացված կրակի միջադեպից հետո հակամարտության կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:

«Հադրութի շրջանում ավտոմատ զենքից արձակված կրակահերթ է արձանագրվել: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման մասին պահանջը»,- ասել է վերջինս:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հաստատել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքի արձանագրումը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: