Ադրբեջանը չի հաղթել, այլ վիշապի ատամներ է ցանել՝ ավելի զգուշավոր դարձնելով Ռուսաստանին. Զատուլին

Ռուսաստանի ներկայությունը Կովկասում պետք է ամրապնդվի. ռազմավարական առումով պետք է Ադրբեջանը դիտարկել որպես խնդրահարույց  երկիր

զատուլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ մասնակցել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակին նվիրված ռազմական շքերթին: 

НСН-ի եթերում Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատմել է, թե ինչպես է վերաբերվում շքերթին Թուրքիայի առաջնորդի մասնակցությանը:

«Բաքվում անցկացված շքերթը պարզ ցույց է տալիս, թե իրականում ում դաշնակիցն է Ադրբեջանը: Այս միության փաստը վկայվել է նույնիսկ ավելի վաղ և իրեն շատ առումներով է ցույց տվել: Մասնավորապես, Բաքուն և Անկարան համակարգում են քաղաքականությունը Կովկասում և գործում են միասին: Մոսկվայում հայտարարություններ էին հնչում, որ Ադրբեջանը և Հայաստանը հավասարապես մոտ են Ռուսաստանի հետ: Իրականում, երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է այս երկրների տարբերությունը, բայց քարոզիչները և մեկնաբանները միշտ չէ, որ հասկանում էին դա»,-ասել է Զատուլինը:

Պատգամավորը բացատրել է նաև, թե ինչու Ղարաբաղում պատերազմի արդյունքը չպետք է համարել շահավետ Ադրբեջանի համար:

«Ադրբեջանը չի հաղթել, այլ վիշապի ատամներ է ցանել: Նա ավելի զգուշավոր է դարձրել Ռուսաստանին, ատելության ալիք է ուղղել իր դեմ Հայաստանի և վերջինիս համակրող երկրների կողմից: Իզուր չէ, որ հայտարարություններ են ընդունվում Ֆրանսիայում, Նիդերլանդներում:  Այս «հաղթանակը» կարող է բումերանգի ձևով վերադառնալ Թուրքիա: Օրինակ՝ Թուրքիան 1974 թվականից շրջափակում է Հյուսիսային Կիպրոսը: Էրդողանը քննադատում էր ղարաբաղյան հարցի կարգավորումը դրա երկար ժամկետի պատճառով, իսկ ինչքա ՞ն է ձգվում կիպական խնդիրը: 20 տարուց էլ երկար»,-հիշեցրել է Զատուլինը:

«Միայն Ռուսաստանի դիրքորոշումը թույլ չի տվել, որ Ադրբեջանի հարձակումը տարածվի Հայաստանի տարածքի վրա: Չնայած կային առանձին դրվագներ, այդ թվում ՝ խփված ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում: Այս ամենը թույլ է տալիս մեզ ասել, որ Ռուսաստանի խաղաղապահ գործողությունն այլընտրանք չունի, և Ռուսաստանի ներկայությունը Կովկասում պետք է ամրապնդվի: Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանը դիտարկել որպես խնդրահարույց  երկիր»,-ասել է խորհրդարանականը:

Բացի այդ, Զատուլինը  գնահատել է Ալիևի` ՀՀ տարածքում գտնվող հողերը ադրբեջանական անվանելու մասին խոսքերը:

«Ցանկացած վերլուծության մեջ սա տարածքային անթաքույց պահանջ է: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն անհիմն կերպով յուրացնում է այս հողերում բնակության պատմությունը: Փաստացիորեն, ադրբեջանցիների նախնիները այնտեղ են հայտնվել 12-րդ դարում, բայց հայկական պատմական հուշարձանները նախկինում էլ էին Ղարաբաղում: Այնուամենայնիվ, Բաքուն դրանք ալբանական է անվանում»,-ասել է պատգամավորը:

Պատգամավորը քննադատել է նաև Էրդողանի`«խելքը գլուխը հավաքելու» կոչն ուղղված Հայաստանին:

«Սա Թուրքիայի ղեկավարի կողմից հերթական պարծենկոտությունն է: Նա կանխամտածված ահաբեկում է Հայաստանին և շոյում իր էգոն: Նույնն է անում նաև Ալիևը: Նրանք ցույց են տալիս, որ արհամարհում են իրենց խոչընդոտած ժողովրդի զգացմունքները»,-ասել է նա:

Զատուլինը կարծիք է հայտնել, թե արդյո՞ք Մոսկվան պետք է ավելի հստակ խոսի Հայաստանին պաշտպանելու մասին:

«Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ դա բխում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունից: Այլ հարց է, որ այսօր մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի մասին: Մոսկվան պետք է հիշի իր պարտավորությունները ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ»,-եզրափակել է խոսքը Զատուլինը: