Ռուսաստանը չի լքել հայերին ու Հայաստանը. Մարիա Զախարովա

Նրանք, ովքեր այսօր մեկը մյուսից բարձր բղավելով ելույթ են ունենում հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այսօրվա դրությամբ այս տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորում են ռուս խաղաղապահները

Ռուսաստանը չի լքել հայերին ու Հայաստանը, այլ գործադրել է բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվել են նյութեր այն մասին, թե ով է հաղթել ու ով պարտվել ստեղծված իրավիճակում։

«Կցանկանայի պատասխանել հատուկ այն արտահայտությանը, թե իբրև Ռուսաստանը լքել է Հայաստանն ու հայերին։ Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ գործադրել է իր բոլոր ջանքերն այդ իրավիճակի կարգավորման համար։ Նախ (կիրառել է - Tert.am) քաղաքական ուժերը՝ օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքներն ու բանակցային գործընթացը, ապա այնտեղ է տեղակայել իր խաղաղապահներին», - շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Նրանք, ովքեր այսօր մեկը մյուսից բարձր բղավելով ելույթ են ունենում հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այսօրվա դրությամբ այս տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորում են ռուս խաղաղապահները: Սա այն հարցի շուրջ, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ», - հավելել է Զախարովան։