«Այն ղազագիրը, որը Փաշինյանը ստորագրեց և կզեց թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանի խոսքով՝ ներկայիս կառավարությունը պետք է ի սկզբանե գնահատեր ստույգ իրավիճակը և կատարեր համապատասխան քայլեր

«Քրեական գործ է հարուցվել 307.4 հոդվածով. որպես վկա եմ հանդիսանում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ: Երևի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելը այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,-ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Լրագրողի հարցին՝ ասում է Արցախը հանձնել են, ինքը այլըտնրանք ունե՞ր այդ իրավիճակում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ամենաառաջինը՝ պետք է արվեր ամեն ինչ, որ չլիներ այս պատերազմը: Ես բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասնելու ենք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ»:

Հարցին 1.5 տարի առաջ սա՞ նկատի ուներ, նա պատասխանեց. «Այո, նաև սա նկատի ունեի»:

Ճշտմանը՝ հանրությանը ինչո՞ւ չտեղեկացրիք, նա լրագրողին ասաց, որ նաև նրա լուսաբանման ու քոմենթների պատճառով ներկայացվում էր, իբր ինքը դավաճանել է Նիկոլ Փաշինյանին, հեղափոխության գաղափարները. «Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է: Այն ղազագիրը, որը նա ստորագրեց և կզեց թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել»:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ եթե նորմալ կառավարվեր երկիրը, պարգևավճարներ բաժանելու փոխարեն, անիմաստ տեղը ՍՈւ-30 կործանիչներ գնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետների և գտներ օդը պաշտպանող զենք-զինամթերք և բանակը ճիշտ կառավարեր, այլ ոչ թե զուտ պոպուլիզմի տարրեր օգտագործեր, ապա ըստ նրա՝ այսօր չէինք ունենա այս պատերազմը կամ պատրաստ կլինեինք դրան:

«Սու-30-ները շատ լավ կործանիչներ են, բայց մեր բանակին այս պահին այդ անհրևաժեշտությունը չկար, կար անհրաժեշտություն՝ օդը փակելու: Եվ դա այն դեպքում, որ կար տեղեկատվություն, որ այս պատերազմը լինելու է այլ մակարդակի, մարդկային գործոնը գրեթե դեր չի խաղալու: Այդ ամբողջ տեղեկատվական բազային, ես ձեզ հավատացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, այդ թվում՝ անվտանգության խորհուրդը մանրամասնորեն տեղյակ են եղել»,-ասաց նա:

«Հայրենիք» կուսակցության նախագահը ընդգծեց, որ անգամ ադրբեջանական կողմը երբեք չէր մտածի, որ նման լուծման կարող են հասնել. «Մնացել է ընդամենը 2000 քառակուսի կիլոմետր, մենք հանձնել ենք 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք այն դեպքում, երբ ԼՂԻՄ-ի տարածքը շուրջ 4000 քառակուսի կիլոմետր է: Մենք հանձնել ենք մեր պատմական Արցախը, ոչ թե այն ազատագրված հողերը: Մենք տվել ենք Սյունիքով ճանապարհ դեպի Նախիջևան: Նման խայտառակ փաստաթուղթ, նման խայտառակ իրավիճակ ուղղակի չէր կարող լինել»:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ ներկայիս կառավարությունը պետք է ի սկզբանե գնահատեր ստույգ իրավիճակը և կատարեր համապատասխան քայլեր. «Եթե իրավիճակին ճիշտ գնահատական չի տրվել, այլ ֆեյսբուքյան տրամադրություններով հաղթում էինք, հենց դա է ամենակարևոր ու մեծ սխալը: Ֆեյսբուքով պատերազմ չեն հաղթում, պատերազմ հաղթում են կոնկրետ գործով, կոնկրետ գործողություններով: Հաշվի են առնում մասնագետների կարծիքները, հաշվի են առնում մեր ռազմական պոտենցիալը, հաշվի են առնում մեր արտաքին գործընկերների հետ մեր հարաբերությունները, այնինչ մեր հիմնական արտաքին պարտնյորներից գրեթե բոլորի հետ փչացվել էին մեր հարաբերությունները»:

Նա նշեց, որ եթե հասել էինք այդ հանգրվանին, ապա ավելի լավ էր որևէ բան չստորագրվեր, Արցախը ամբողջությամբ թողնել Ադրբեջանին, բայց որևէ բան չստորագրեինք. «Սյունիքով ճանապարհ չտայինք Ադրբեջանին, Քարվաճառն ու Լաչինը չտայինք, Քարվաճառը չէին կարող վերցնել, անհնար էր, որից հետո ժամանակ կձգեինք և ռազմական ճանապարհով կամ դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը: Սա դավաճանական ծրագիր էր, սա դավաճանական պլան էր, որը Նիկոլ Փաշինյանը և իր հետ մի քանի հոգի ի սկզբանե որոշված իրագործել են»: