Պուտինը խոսեց կարճ ու հստակ, լիովին հասկանալի

Առանցքայինը՝ մարտական գործողությունների դադարեցումն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի ութին Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, որպեսզի իրականացվի զոհերի, դիակների դուրս բերում, զոհերի եւ գերիների փոխանակություն։ Այս հայտարարությունը Կրեմլի ղեկավարը արել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներից հետո։ Մոսկվան նաեւ հայտարարել է, որ պատրաստ է դառնալ միջնորդ բանակցությունների հարցում եւ հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին Կրեմլ՝ խորհրդակցությունների համար։

Լրագրող, Մոսկվայի քաղաքային Դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդեւի համար հատկապես հատկանշական է այս հայտարարությունից մի քանի կետեր։ Նախ՝ Պուտինը բավական կարճ ու հստակ է խոսել։ Ձեւակերպումները լիովին հասկանալի են, լակոնիկ ձեւակերպված՝ երկիմաստությունների տեղի չտվող։ Առանցքայինը՝ մարտական գործողությունների դադարեցումն է։ «Նախագահը հստակ ու հասկանալի է ձեւակերպել իր ասելիքը։ Ոչ թե վերացական խոսել է երկխոսության անհրաժեշտության մասին, այլ կոչ է արել դադարեցնել կրակը։ Կոչը արվել է հակիրճ պնդմամբ»,- արձանագրել է Մեդվեդեւը։

Մյուս կարեւոր պահը, որը գրավել է Մեդվեդեւի ուշադրությունը, այն է, որ հայտարարությունը արվել է ուշ երեկոյան՝ Երեւանի եւ Բաքվի հետ բանակցություններից հետո։ Ուշադրություն դարձնենք, Երեւանի եւ Բաքվի եւ ոչ թե նաեւ՝ Անկարայի, թեեւ Անկարան արդեն հայտարարել էր, որ սույն խնդրի առնչությամբ պատրաստ է երկխոսության Մոսկվայի հետ։ Թուրքիայի հետ երկխոսություն այս մասով կարծես թե չկա եւ «սառը լռություն է»։ Անդրեյ Մեդվեդեւը կարծում է, որ Պուտին-Ալիեւ զրույցի ժամանակ ամենայն հավանականությամբ բարձրացվել է հատկապես Սիրիայից գրոհայինների ներկայության հարցը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսաստանի համար սա ազգային անվտանգության հարց է եւ եթե Մոսկվան պատրաստ էր գրոհայիններին ոչնչացնել Սիրիայի հեռավոր տարածքներում, ապա ամենայն հավանականությամբ պատրաստ է նաեւ խառնվել Ղարաբաղյան հակամարտությանը՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը մի քանի օր առաջ հայտարարեց, որ հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում Հարավային Կովկաս։ Հատկանշական է, որ ռուս զինվորականները հենց հիմա են Իդլիբում սկսել ակտիվացնել ահաբեկիչների ոչնչացման օպերացիաները։ Հրապարակի փոխանցմամբ՝ գրում է Infox-ը։