Սոլեյմանիի սպանության օրը փորձել են սպանել Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի․ Washington Post

ԱՄՆ իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին հայտարարել միաժամանակ երկու գործողությունների հաջողության մասին

ԱՄՆ-ն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության օրը փորձել է սպանել նաև Եմենում Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի, ըստ tert.am-ի՝ գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ-ն առանձին անհաջող գործողություն է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջատար հրամանատարներից Աբդուլ Ռեզա Շահլայիի դեմ:

Մեկ օրում միանգամից երկու գործողություն անցկացնելը կարող էր նշանակել, որ Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան զինված ուժերի ավելի լայն գործողությունների մի մասն է, ենթադրում է թերթը:

Աղբյուրը գրում է, որ պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել Շահլայիի դեմ գործողության մանրամասները՝ հայտարարելով միայն, որ այն հաջողությամբ չի պսակվել: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին հայտարարել միաժամանակ երկու գործողությունների հաջողության մասին։

«Եթե գործողության արդյունքում սպանվեր նաև նա, այդ նույն գիշեր մենք կպարծենայինք նաև դրանով»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը, ինչպես և մյուսները, խոսել են գաղտնի մնալու պայմանով։

Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ հայտարարել է, որ այդ երկու հարվածներն արտոնվել են մոտավորապես միևնույն ժամանակ։

Պաշտոնյան նշել է, որ Շահլային կարող է թիրախ դառնալ ապագայում, թեև երկու երկրներն էլ հետաքրքրություն են հայտնել ճգնաժամի ապաէսկալացման հարցում:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է սպանել Սոլեյմանիին, որպեսզի կանխի պատերազմը՝ հավելելով, որ գեներալը ամերիկացիների վրա «չարաբաստիկ» հարձակումներ է ծրագրել: