Ուզում եք երկար ապրել՝ քիչ մտածեք, խորհուրդ են տալիս գիտնականները

Հետազոտությունը հիմնված է մարդու, մկների եւ որդերի ուղեղի հետազոտության արդյունքների վրա

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի հյուսվածքը երկարակյացների (100 տարեկանից ոչ պակաս մարդկանց) մահվանից հետո եւ համեմատել այն 60-70 տարեկանում մահացած մարդկանց հյուսվածքի հետ, տեղեկացնում է Fox8-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր մահացել են ավելի երիտասարդ հասակում, REST (RE-1 Silencing Transcription) սպիտակուցի ավելի ցածր մակարդակ են ունեցել, որը հանգստացնում է ուղեղի ակտիվությունը։

Հետազոտության համաձայն՝ ուղեղի չափից ավելի ակտիվությունը կապված է կյանքի տեւողության կրճատման հետ, այն դեպքում, երբ նման գերակտիվության ճնշումը երկարացնում է կյանքը։

Հետազոտությունը հիմնված է մարդու, մկների եւ որդերի ուղեղի հետազոտության արդյունքների վրա։

Ստացված արդյունքները «կարող են բավական հեռուն գնացող հետեւանքներ ունենալ ֆիզիոլոգիայի եւ կյանքի տեւողության վրա»,- ասվում է Բրյուս Յանկերի՝ Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկայի եւ նյարդաբանության պրոֆեսորի հայտարարությունում։