Բրիտանացին որոշել է կնոջն ընտանի գաճաճ խոզուկ նվիրել, բայց հետագայում խոզը մեծացել է և այժմ կշռում է ավելի քան 170 կգ

Ամուսինների խոսքով՝ Գրեյսը շատ է սիրում հարմար պայմաններ, նա քնում է օրթոպեդիկ ներքնակի վրա և երբեք փողոց դուրս չի գալիս

Բրիտանական Մալվերն քաղաքի բնակիչ Նայջել Գրեմն իր կնոջ՝ Սեմի տարեդարձի առթիվ նրան փոքրիկ ընտանի գաճաճ խոզուկ էր գնել: Համենայն դեպս, կենդանուն գնելու պահին նա այդպես էր կարծել: Այս մասին գրում է esquire.ru կայքը:

Խոզուկին անվանել են Գրեյս: Ենթադրվում էր, որ նա շան չափերից ավելի չի մեծանա: Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ Գրեյսը ոչ թե գաճաճ խոզուկ է, այլ իսկական խոզ՝ ավելի քան 177 կգ քաշով:

խոզուկ

Երբ խաբկանքը բացահայտվել է, տերերը չեն հրաժարվել Գրեյսից:

«Մենք շատ ենք կապվել նրա հետ, նա էլ՝ մեզ հետ: Նա մեր կենդանին է, մենք նրան սիրում ենք, և ես, անկեղծ ասած, նրան համարում եմ իմ երրորդ դուստրը»,- պատմել է Նայջել Գրեմը:

խոզուկ

Ամուսինների խոսքով՝ Գրեյսը շատ է սիրում հարմար պայմաններ: Նա քնում է օրթոպեդիկ ներքնակի վրա և երբեք փողոց դուրս չի գալիս, եթե այնտեղ անձրև և քամի է: Ուտեստների հարցում նա նույնպես պահանջկոտ է: Ընթրիքին նա նախընտրում է դոնդողով պուդինգ՝ համեմված դեղձով կամ արքայախնձորով: Եթե խնձորը որդնած կամ վնասված է, նա չի էլ մոտենա դրան: Իսկ գազարից նա արդեն վաղուց ձանձրացել է:

Ընտանիքը հանուն Գրեյսի նույնիսկ փոխել է սովորությունները՝ հրաժարվելով խոզի մսից, որպեսզի իրենց խոզն իրեն վատ չզգա: