Հետևորդներիս արձագանքն ու կարծիքն օգնել է ինձ ստեղծել իմ բրենդը. Քիմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, խոսել է իր «ձեռագրի» մասին

Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, ի թիվս այլնի, խոսել է նաև մարքեթինգային վերլուծության իր «ձեռագրի» մասին:

«Մարքեթինգային վերլուծությունը կարևոր է, սակայն կարծում եմ` շարունակաբար «աջ ու ձախ նայելն» էլ ճիշտ չէ: Պետք է ուղղակի նայել առաջ և անել այն, ինչ ուզում ես: Երբեմն, երբ փորձել եմ «թրենդի մեջ մնալ» (հատկապես կոսմետիկայի գույնի առումով), դա իմ օգտին չի աշխատել»,-ասել է Քիմը:

Նա նաև նշել է, որ իր համար շատ կարևոր է իր հետևորդների կարծիքն այս կամ այն արտադրանքի վերաբերյալ և հաճախ է «դիմում» նրանց այս հարցով:

«Հետևորդներիս արձագանքը և կարծիքն օգնել է ինձ ստեղծել իմ բրենդը»,- հավելել է Քիմը:

Քիմ Քարդաշյանը խոսել է նաև բիզնեսի զարգացման գործում սոցիալական ցանցերի ունեցած դերի մասին: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվել է իր փորձով, ներկայացրել, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Հեռուստաաստղը համաձայնել է, որ առցանց հարթակներն ահռելիորեն դյուրացրել են հաղորդակցությունը երկրագնդի տարբեր մասերում գտնվող մարդկանց միջև՝ աշխարհը դարձնելով ավելի «փոքր»:

Քարդաշյանն ասել է, որ սոցցանցերն օգնում են նաև մշտապես կապի մեջ լինել հաճախորդների հետ, իմանալ նրանց հուզող խնդիրներն ու պահանջները: Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում միլիոնավոր հետևորդների ակտիվ բանակ ունեցող աստղը նաև կարևորել է այն հանգամանքը, որ իր ապրանքանիշի գովազդներում հաճախ մեկնաբանություններ են թողնում շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ և հանրահայտ անձինք:

«Ցանկացած պահի կարողանում ես իմանալ՝ որ ապրանքներ են վաճառվել, որոնք ոչ, և ինչպիսին է հաճախորդների թվի ակտիվությունը: Ես ամբողջությամբ ներգրավված եմ իմ բիզնեսում և մեծապես հետաքրքրված եմ իմանալ՝ որ պահին ինչպես են գործերը»,- ասել է նա: