Վարագա լեռան վրա երևում է մի պայծառ լույս՝ ճաճանչափայլ խաչի տեսքով

Հռիփսիմեն, վախենալով որ Խաչափայտը կարող է ընկնել վերջիններիս ձեռքը, այն թաքցնում է Վարագա լեռան քարայրներից մեկում ու մյուս կույսերի հետ ուղևորվում Վաղարշապատ

Ի տարբերություն մյուս առաքելահիմն եկեղեցիների, մեր եկեղեցում Սուրբ Խաչին նվիրված տոները ամենաշատն են։ Եվ դրա հիմքերը գալիս են դեռ հնուց, երբ Քրիստոսի առաքյալների, նրա սրբերի և Գրիգոր Լուսավորչի միջոցով, Խաչի զորությամբ հաստատվեց Հայոց Եկեղեցին: Մեր ժողովուրդը ապավինելով Տիրոջ հաղթական Խաչին, հարատևել է հեթանոս, բարբարոս ու այլակրոն ազգերի միջև:

Հայ եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Խաչի տոներից այս մեկը ամենահայեցին է, որովհետև այն կապված է հայոց աշխարհում քրիստոնեության տարածման բուն ակունքների հետ: Այս տոնը ներառում է իրար հաջորդող երեք պատմական հիշատակներ՝ Խաչափայտի առաջին գյուտը և Ս. Խաչի մասունքի Հռոմ տարվելը, ապա Ս. Հռիփսիմյանց կողմից Հայաստան բերելը և Վարագա լեռան վրա պահելը, և Ս. Մասունքի գտնվելը 653թ. Թեոդիկ կրոնավորի և նրա աշակերտ Հովելի կողմից:

Հռոմի կայսր Կլոդիոսի կինը՝ Պատրոնիկեն, ընդունելով քրիստոնեությունը, ուխտի է գալիս Երուսաղեմ և փափագում է տեսնել Տիրոջ գերեզմանն ու Խաչափայտը։ Ուխտը կատարելուց հետո Պատրոնիկե թագուհին խնդրում է Հակոբոս առաքյալին սուրբ Խաչափայտից մի մասնիկ շնորհել իրեն։ Հակոբոսը սիրահոժար կերպով նրան է տալիս Խաչափայտի այն մասից, որի վրա մեր Տիրոջ սուրբ Արյան հետքերը կար։

Թագուհին այն Հռոմ է տանում, ու Խաչի մասունքը մնում է իր քրիստոնյա ժառանգորդների մոտ մինչև այն ժամանակը, երբ նրանցից մեկը՝ Հռիփսիմե իշխանուհին, իրեն Աստծուն նվիրելով՝ կուսանոց է մտնում։ Հռիփսիմեն սուրբ Խաչի մասունքը միշտ կրում էր իր պարանոցին, որը նրան պահում էր չարի ամեն տեսակի ներգործություններից։

Երբ Դիոկղետիանոս կայսեր ժամանակ սկսվում են հալածանքները քրիստոնյաների դեմ, վանքի կույսերը խմբով գալիս են Հայաստան, բնակվում Վանի գավառի Վարագա լեռան մոտ: Սակայն շուտով նրանք այստեղ հանդիպում են իրենց հալածողներին, և Հռիփսիմեն, վախենալով որ Խաչափայտը կարող է ընկնել վերջիններիս ձեռքը, այն թաքցնում է Վարագա լեռան քարայրներից մեկում ու մյուս կույսերի հետ ուղևորվում Վաղարշապատ:

Հայաստանում դարեր շարունակ գիտեին սուրբ մասունքի՝ Վարագա լեռան վրա պահվելու մասին, սակայն գտնվելու ստույգ վայրը հայտնի չէր: Խաչափայտը հայտնաբերվում է 7-րդ դարում՝ շնորհիվ երկու ճգնավոր հոգևորականների, որոնց Վարագա լեռան վրա երևում է մի պայծառ լույս՝ ճաճանչափայլ խաչի տեսքով: Փաստորեն Տիրոջ Խաչի առաջին մասունքը որը նշխարի պես մասնատվեց սուրբ Խաչափայտից, ի վերջո Հայաստան բերվեց, ի նշան այն բանի, որ հայ ազգը առաջինը պետք է զատվեր կռապաշտ ու հեթանոս ազգերից:

qahana.am