Գյուլբուդաղյանցը մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրն է

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին

Հայաստան- Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հանդիպման արդյունքում հայկական կողմի տարած հաղթանակի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կատարած աշխատանքին:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց տալիս չորս խաղ անընդմեջ ու իր գլխավորությամբ մեր թիմը ռեալ շանս է ստացել դուրս գալու խմբային փուլից:

Մեր մարզիչն այն մարդկանցից է, ով չի սիրում շատ երևալ, չի սիրում, երբ ինքն է հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ միակ բանը որ սիրում է՝ թիմին հաղթանակների տանելն է: Միայն տեսնեք, թե ինչ վիճակում է նա, երբ թիմը վատ է խաղում, կամ ինչ վիճակում է, երբ մերոնք հաղթում են:

Գյուլբուդաղյանցին շատ են քննադատում ու դա նորմալ է, բայց ի պատիվ իրեն այդ քննադատությունները երբեք չանձնավորեց ու ամեն քննադատությունից քաղեց իր համար օգտակարը:

Առիթը եկել է՝ ասեմ.

Մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց նա է, նա է մարզել նրանց մեծ մասին մանկապատանեկան տարիքում ու դարձրել լուրջ ֆուտբոլիստ, հենց Գյուլբուդաղյանցն է այն մարդը, ով հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ մասի հնարավորությունների մասին գիտի ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան ֆուտբոլիստները:

Տղեքը նրան հարգում են և նույնիսկ երբ ուժերը սպառվում են ուժերից վեր քայլ կատարելիս անում են դա նաև իրենց մարզչի համար:

Սրանք փաստեր են, որոնց մասին երբեք չի խոսվել ու իրականում շատ դժվար է վիճակը բառերով նկարագրել: Իհարկե կարելի է անվերջ պնդել, որ պետք է ունենալ այլ մարզիչ, իհարկե կարելի է, կարելի է ունենալ նաև այլ խաղացող, այլ լրագրող, ֆեդերացիայի այլ աշխատակից, ամեն ինչ էլ կարելի է, բայց եկեք հիմա ու այս պահին հավատանք մեր թիմին, մեր մարզչին, ես հավատում եմ Գյուլբուդաղյանցին:

Ի դեպ՝ շատ հուզիչ էր, երբ երեկ մերոնց հերթական գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են Գյուլբուդաղյանցի շուրթերի շարժումները ու հասկացվում է հետևյալ արտահայտությունը. «Այ մեռնեմ ձեզ»: Առաջ»,- գրել է Եգանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում 4-2 հաշվով առավելության էր հասել Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականին նկատմամբ: