Սեքյուրիթի Դրիմ կամ ինչպես են պայթում Սաշիկի միֆերը

Դա եղել է ընդդիմության համար նպատակ, որ Սերժ Սարգսյանին վարկաբեկեն, Սաշիկին վարկաբեկեն. Գուրգեն Զաքարյան


Օգոստոսի 13-ին ձերբակալվեցին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատեր Ալիկ Զաքարյանն ու «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը: Լուրը Live24.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք՝ սա այն նույն հանրահայտ ընկերությունն է, որի գործունեությունը երկար տարիներ համառորեն կապվում էր ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Զաքարյան եղբայրների՝ Գուրգեն և Ալեքսան Զաքարյանների հիմնադրած «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերություններն են սպասարկում Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2019-ի հունվարի 25-ին հետհեղափոխական կառավարությունն աղմուկի կենտրոնում հայտնված այս ընկերության հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ընկերությունը շարունակել է իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը՝ արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս չափի խոշոր գնումն իրականացվել է առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով: Եվ այս ամենն` ընդամենը կես տարի անց հայտնի միջոցառումներից, որոնց արդյունքում Ոստիկանության բացահայտմամբ «Սեքյուրիթի Դրիմ»-ը պետությանն ավելի քան 1 միլիարդ դրամի վնաս էր պատճառել:

Միջոցառմանը, որ 2018-ի ամռանն էր իրականացվել, այսինքն՝ «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո, «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրներից Գուրգեն Զաքարյանը շատ հստակ գնահատական էր տվել՝ վստահեցնելով, որ ընկերությունը մաքուր է աշխատում և իրենց նկատմամբ ուշադրության պատճառը այլ տեղ պետք է փնտրել: «Ես մոտավորապես հասկանում եմ՝ ինչ է կատարվում։ Սա կապում են Սաշիկի հետ, չնայած դա լրիվ անհիմն է։ Չկա ու չի կարա լինի նման բան։ Ոստիկանության այս գործողությունները բոլորի մոտ ուրախություն են առաջացնում՝ տեսեք, պատժեցին, մինչդեռ այդ սարքերի նպատակը մարդու անվտանգությունն ապահովելն է»,-հավելել էր նա։

Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ կապին՝ Զաքարյանն ասել էր, որ նրա հետ ընդհանրապես չի առնչվել. «Դուք հիշում եք երևի, առաջին անգամ մեր ընկերության հետ Սաշիկի կապի մասին հայտարարվեց՝ նշելով օդում պտտվող լուրերի համաձայն։ Դա եղել է ընդդիմության համար նպատակ, որ Սերժ Սարգսյանին վարկաբեկեն, Սաշիկին վարկաբեկեն։ Որևէ հիմք նման պնդումների համար չկա։ Թող մի լուսանկար մի հեռախոսային խոսակցություն իմ ու Սաշիկի միջև հրապարակեն։ Ես նախկին նախագահի հետ շփվել եմ միայն գործարարների միությունով, անձամբ՝ ոչ մի անգամ։ Չունեմ ոչ մի հեռախոսակապ, չունեմ ոչ մի պատճառ՝ կաշառք տալու։ Մենք շահել ենք մրցույթը, որովհետև էժան գին ենք առաջարկել ու շատերը նեղացել են»,-ասել էր Զաքարյանը։

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը տարիներ շարունակ  ու հետևողականորեն է կապվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ: Ի դեպ, այդ մասին պնդումներ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, արել է նաև վարչապետ Փաշինյանը. ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նա ասել էր. «…ներվել է Սաշիկի արագաչափերի տուգանքի 13 միլիարդ դրամը»: 
Իսկ ահա Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, ներկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լինելով իշխող թիմի անդամ, վարչապետի հայտարարությունից հետո համարձակվել էր պնդել, որ արագաչափերը պետական են, որևէ մեկին չեն պատկանում: Նա նաև նշել էր, որ Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնես երբևէ չի ունեցել:

Ի՞նչ է ստացվում, «հեղափոխական» էյֆորիան անցնում է, մարդիկ փորձում են հասկանալ, թե այդ ինչպես պատահեց, որ տարիներ շարունակ իրենք լսել են հայտարարություններ, որոնք պարզվում է՝ հիմնավոր չեն եղել, բայց չարություն են սերմանել: Բոլորն են հիշում, թե ինչպես Փաշինյանն իր կողմնակիցների հետ ինչով ասես փակում էին արագաչափ սարքերը եւ հայտարարում, որ դրանք  մեզ պետք չեն ու գոյություն ունեն միայն այն պատճառով, որ պատկանում են Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, ով հարստանում է վարորդների հաշվին:

Փոխվեց իշխանությունը, բայց մնացին արագաչափերը, ու դեռ մի բան էլ՝ ավելացան, քանի որ ինչպես պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը դրանք արդեն անչափ օգտակար ու անհրաժեշտ է համարում: Իսկ Սաշիկի՝ այդպես էլ չապացուցված 50 տոկոսների ու արագաչափերի հեքիաթները՝ ձեռք-ձեռքի տված, անաղմուկ տեղավորվեցին «հին» Հայաստանի պատմության գրկում. գործն արվել էր, նրանց մասին արդեն պետք էր մոռանալ: