Օժիտը երեկ և այսօր. ինչ արժե հարսի ճամպրուկը

Օժիտի համար ամենաառաջին բանը, որը պետք է ունենաս, ճամպրուկն է
հարս աղջիկ

Հին ժամանակներում օժիտ ասվածն այլ նշանակություն ուներ։ Եթե որևէ մեկն աղջիկ էր ամուսնացնում՝ օժիտը պարտադիր էր: Նույնիսկ աղջկա ծնվելուց հետո ծնողներն արդեն սկսում էին օժիտի պարագաները գնել, որպեսզի ամուսնանալու ժամանակ համ բեռը թեթև լինի, համ էլ պատրաստ։

«Ինչ իմանամ, վաղը, մյուս օրը սաղ կլինեմ, որ աղջկաս ընենց օժիտ տամ, որ բոլորի բերանը բաց մնա»,- սա այն ժամանակվա մայրերի խոսքն ու ցանկությունն է եղել։ Հին ժամանակներում աղջկա օժիտում ամեն մի պարագայից ամենաքիչը դնում էին 6 օրինակից, եթե հնարավարությունները շատ էին, կարող էին նաև շատ։ Օրինակ 6 «ձեռք» անկողին, նույնքան սպիտակեղեն, սպասք, ներքնազգեստ ու անհրաժեշտ այլ պարագաներ։ Օրինակ լինում էին դեպքեր, երբ բացի դրանից գումար էլ էին տալիս, որը երիտասարդները բանկ էին գցում՝ նեղ օրվա համար։ Աղջիկն արդեն հետագայում այդ ամենն օգտագործելիս հպարտությամբ էր նշում ու նույնիսկ պարծենում, որ դա իր օժիտի մեջ է եղել։

Այսօր էլ օժիտն արդիական է, սակայն մի փոքր այլ է մատուցման ձևը։ Հիմա ծնողները հասկացել են, որ պետք չէ տարիներով հավաքել օժիտը, քանի որ աղջկան ամուսնացնելուց այն կարող է արդեն նորաձև չլինել ու ընդհանրապես պետք չգալ։ Այսօր շատ հեշտ է օժիտի պարագաներ գնելը, անգամ հատուկ խանութներ կան, կարևորն այստեղ գումարն ունենալն է։

Օժիտի համար ամենաառաջին բանը, որը պետք է ունենաս, ճամպրուկն է, որի մեջ պետք է տեղավորես ներքնազգեստ, խալաթներ, զգեստ, խնամքի պարագաներ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է հարսին առաջիկա ամիսների ընթացքում։ Գյուղերում, օրինակ, հարսի ճամպրուկի մեջ նվերներ են դնում նաև փեսային ու ազապ եղբորը։ Այդ ամենի վերջում պարտադիր պետք է շաղ տալ քաղցրավենիք։ Ավանդույքի համաձայն՝ օժիտի յուրաքանչյուր պարագա պետք է տուփերի մեջ ու փակ չլինի։ Խորհուրդ չի տրվում նաև ճամպրուկը զարդարելիս ինչ որ բանով այն կապել, դա լավ նշան չի։

Ճամպրուկների գները սկսվում են 10.000 դրամից ՝ հասնելով մինչև 60.000 դրամի։
Ամենաանհրաժեշտ բաները եթե միայն դրվեն ճամպրուկի մեջ, ապա դա հարսի ընտանիքի համար կարժենա մոտ 300-500 հազար դրամ։