Կռիվ Սերժ Սարգսյանի ստվերի հետ կամ Նիկոլ Փաշինյանի քաղաքական բլեֆը

Որոշ ժամանակ անց այդ «էզոթերիկ» ու «դարակազմիկ» բացահայտումներն ուղղակի նետվում են պատմության աղբանոցը

Օրերս Նիկոլ Փաշինյանը, ով տասնօրյա արձակուրդում էր, հանդես եկավ իր հերթական լայվով և հանրության հետ իր մենախոսության մեջ խոսեց ինչ-որ «խորհրդավոր ու գաղտնի» փաստաթղթի մասին:

Ըստ նրա, խոսքը Հայաստանում պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ցանցի կամ ճահճի մասշտաբների մասին 2014 թվականի ինչ-որ միստիկ գաղտնի զեկույցիմասին է: Ըստ էության՝ Փաշինյանն իր այս բացահայտմամբ ընդամենն արդարացնում է սեփական կառավարության և թիմի անարդյունավետությունը: Փաշինյանը, խոսելով նման «գաղտնազերծած» անվերնագիր փաստաթղթի մասին, ակնհայտ փորձում է թեժ պահել իր քաղաքական ակտիվությունն ու հեղինակությունը: Նա նման օրինակով փորձում է հերթական անգամ դեմոնիզացնել նախորդ իշխանություններին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, և ամեն կերպ ինչ-որ դավադրապաշտական ու խորհրդապաշտական ինտրիգների միջոցով հանրությանը մատուցել հերթական սոուսված սուտը:

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը կարծես գտել է իր իշխանության «հարատևության» գաղտնի բանաձևը. նա ամբողջությամբ ու խորքային ամեն ինչում մեղադրում է նախորդներին, որ «20 տարի շարունակ կեղեքել ու թալանել են ժողովրդին՝ համատարած բռնաճնշումների ենթարկելով», և երկրորդ, որ «ամեն ինչում մեղավոր են հարուստները, և նրանցից շատ արագ պետք է ազատվել»:

Իր իշխանության մեկուկես տարվա ընթացքում ցանկացած ճգնաժամի ու փակուղային իրավիճակում հայտնվելու պարագայում Փաշինյանը խոսում էր բացառապես նշված երկու ուղղություններով՝ ներկայացնելով համապատասխան մեղադրականներ: Այնպիսի տպավորություն է, որ նա հերթական «հողմաղացային» կռիվն է տալիս Սերժ Սարգսյանի ստվերի հետ և հերթական անգամ փորձում իր անճարությունը քողարկել նրա անվան տակ: Այն դեպքում, երբ իր կառավարությունը, իշխանությունը մինչ օրս օգտվում է նախկին իշխանությունների կողմից թողնված քաղաքական, տնտեսական, համակարգային ռեսուրսներից։

Ավելին, օգտվում են նաև պետական համակարգում աշխատող կադրերից, որովհետև իր հետ իշխանության եկածները ոչ միայն փորձառություն, կենսագրություն չունեն և տառացիորեն փողոցից են բերվել և պաշտոններ ստացել, այլև մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեն։

Հատկանշականն այն է, որ, երբ Փաշինյանին հարկավոր է լուրջ քաղաքական մանյովր, ապա  նա, որպես հմուտ մանիպուլյատոր, կարողանում է շատ կազմակերպված հասնել իրեն ցանկալի արդյունքի և հանրությանն այդ փուլում իրենով անել, իսկ արդեն որոշ ժամանակ անց այդ «էզոթերիկ» ու «դարակազմիկ» բացահայտումներն ուղղակի նետվում են պատմության աղբանոցը:

Կասկածից վեր է, որ գաղտնի զեկույց-փաստաթղթի մասին թեզը ստի հերթական չափաբաժինն է՝ ուղղակի քաղաքական բլեֆ: Այնպիսի սուտ, որ նույնիսկ շարքային քաղաքացին է դա հասկանում։ Այլապես Փաշինյանը պարտավոր է ուղղակի հրապարակել, թե ինչ սենսացիոն բացահայտումների և լուրջ սկանդալի մասին է խոսում: Նա պետք է դա անի, քանի որ միայն վերացական ասել, թե կա նման զեկույց, և չներկայացնել՝  զեկույցն ինչի մասին է, ինչ անվանում ունի, կամ ովքեր են դրա հեղինակները, ուղղակի բարոյական չէ և խոսում է քաղաքական գործչի անսկզբունքայնության և քաղաքական մանիպուլյացիայով զբաղված լինելու մասին:

Այս ֆոնին փաստենք մի կարևոր դրվագ ևս. Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում նշյալ հայտնի «լայվից» հետո իշխանությանը սպասարկող լրատվականները լծվեցին շահարկել այս փաստը և ամենատարբեր հրապարակումներով ու ուղղորդված վերլուծականներով հանրությանը ներկայացնել, թե հատկապես որ քաղաքական իրադարձության հետ է ասոցիացվում տվյալ զեկույցը:

Ակնհայտ է, որ տարբեր ժամանակահատվածների մասին խոսելիս բախվում են տարբեր քաղաքական շրջանակների շահերը, տրորվում են տարբեր տրամաչափի «կոշտուկներ», ուստի վերացական խոսել, որ 2014-ից հետո ներկայացվել է փաստաթուղթ, պոլիտկոռեկտ չէ, արհեստական է, և ներքաղաքական դաշտում հերթական լարվածությունն ապահովելու համար է շրջանառվում:

Ավելին՝ բացառված չէ, որ նման արհեստական զեկույցի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է ՀՀ ներքաղաքական դաշտում ապահովել հերթական քաղաքական քաոսը, որպեսզի քաղաքական ուժերի միջև որևէ լուրջ կոնսոլիդացիա տեղի չունենա, և այդ ուժերը, հիշելով երբևէ գոյություն ունեցած տարաձայնություններն ու քաղաքական հակադրությունները, խուսափեն քաղաքական լուրջ հայտ ներկայացնելուց: Սա նույնպես քաղաքական PR տեխնոլոգիաներին բնորոշ ժեստ է, և այդ ամենը քաղաքական իշխանություններն իրականացնում են փայլուն ձևով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

168.am