Կանանց համար քնի պակասն առանձնապես վտանգավոր է

Քնից զրկվելը կարճաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ուշադրության վատ կենտրոնացման

Կանայք տարբեր պատճառներով ավելի հաճախ են բախվում քնի պակասի խնդրին եւ դրա պատճառով առողջությունը լրջորեն վտանգում են, պնդում են մասնագետները:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ամեն գիշեր քնում են միջինը 3 ժամ պակաս, քան անհրաժեշտ է, սա տարեկան 1095 ժամ է եւ մեկ տարում 45 օր:

Կանանց նորմալ քնելուն խանգարող պատճառների շարքում մասնագետներն առանձնացնում են առավել տարածվածները՝ դաշտանային ցիկլի հետ կապված ցավերը, ինչպես նաեւ երեխաների ու տղամարդկանց խռմփոցի պատճառով արթնանալը: Գիտնականների եզրահանգումները հիմնվում են 2 հազար ամուսնական զույգերի անկետաների վերլուծության արդյունքների վրա, որոնց շրջանում հարցում են անցկացրել քնին առնչվող տարբեր սովորությունների վերաբերյալ: Պարզվել է, որ կանանց երրորդ մասը մշտապես իրեն քնահարամ է զգում ու ուժասպառ: Տամարդիկ այսպիսի խնդրի հազվադեպ են բախվում. տասից միայն երկուսը:

Թերապեւտ Սառա Ջարվիսը պնդում է, որ քնի պակասն ուժեղ ազդեցություն է ունենում կանանց առողջության վրա: Մասնավորապես՝ խախտվում է նրանց սնվելու ռեժիմը, եւ կանայք սկսում են ավելի շատ ուտել քաղցր ու յուղոտ սնունդ, որի հանդեպ ձգտումը սովորաբար սաստկանում է քնի պակասի պատճառով: Նման սնունդը բերում է արյան մեջ շաքարի մակարդակի աճի, ճարպաշերտերի կուտակման, բորբոքային պրոցեսների ակտիվացման:

«Քնից զրկվելը կարճաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ուշադրության վատ կենտրոնացման, դյուրագրգռության եւ վատ տրամադրության: Երկարաժամկետ հեռանկարում բազմաթիվ խնդիրների, ներառյալ 2-րդ տիպի դիաբետի եւ սրտի հիվանդության»,- ասել է թերապեւտը:

Դրանից բացի, կանանց շրջանում քնի պակասի դեպքում անմիջապես նվազում է վստահությունն իր անձի եւ արտաքինի հանդեպ:

Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Քնի պակասը նաեւ մարդուն չար ու դյուրագրգիռ է դարձնում: