Էդ Շիրանը խոստովանել է, թե ինչ խնդիրներ է իր կյանքում առաջացրել համաշխարհային ճանաչումը

Նա հայտնել է, որ իր համար դժվար է, երբ մարդիկ անդադար լուսանկարում են իրեն հասարակական վայրերում՝ ստիպելով իրեն զգալ «ոչ թե մարդ, այլ կենդանաբանական այգում պահվող կենդանի»

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը բացահայտել է, որ ընկերների շրջանակը նեղացրել է՝ հասցնելով 4-ի, քանի որ, իր իսկ խոսքով, ձեռք բերած համբավն իրեն ստիպում է զգալ ինչպես «կենդանաբանական այգու բնակիչ», և ինքն անկարող է վստահել մարդկանց:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 28-ամյա երաժիշտը խոստովանում է, որ ճանաչվածությունն իրեն սարսափելի անհանգստություն է բերել՝ ստիպելով սահմանափակել սոցիալական շփման շրջանակները և հրաժարվել հեռախոսից:

Պարբերականներից մեկին տված հարցազրույցում բրիտանացին հայտնել է, որ իր համար դժվար է, երբ մարդիկ անդադար լուսանկարում են իրեն հասարակական վայրերում՝ ստիպելով իրեն զգալ «ոչ թե մարդ, այլ կենդանաբանական այգում պահվող կենդանի»:  

 Նա նշել է, որ ցանկանում է անձնական տարածք ունենալ, քանի որ մարդիկ իրեն լուսանկարում են անգամ ռեստորանում ճաշելիս:

Երգիչն ակնարկել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն արծարծվել են իր վերջին I Don't Care սինգլում: Թեև անհանգստության պահեր են լինում, Շիրանը նշում է, որ ինքն ընտրել է այն ուղին, որը ցանկացել է և սիրում է այն աշխատանքը, որն անում է: