Էջմիածնի քաղաքապետի կոչի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանները կդիմեն իրավապահներին

Ընտրողի ատելությունը երկրում պետք է բացառել՝ կապ չունի դա Էջմիածնի քաղաքապետն է, թե ուրիշը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությունը պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր է պարունակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշելով, որ դրա հետ կապված հնարավոր է դիմեն դատարան։

«Իշխանության ներկայացուցչի հայտարարությունը ատելության տիպիկ քարոզ էր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Այդ հայտարարություններում տեսել ենք պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր, որից հետո դիմելու ենք, որ իրավապահ մարմինները տան իրենց գնահատականը: Ընտրողի ատելությունը երկրում պետք է բացառել՝ կապ չունի դա Էջմիածնի քաղաքապետն է, թե ուրիշը»,–ասաց նա և հավելեց.

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է Մանվել Գրիգորյանի սրճարանի տարածքի վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7մլն դրամ, գործող 23 հազար դրամի փոխարեն։

«Բոլորի համար պարզ է, որ ամառվա մի քանի ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան 7մլն դրամ վճարի բյուջե։ Օգտվելով առիթից ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել՝ բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,-ասել էր քաղաքապետը։ Այս կոչն, ըստ փաստաբանների՝ պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ։