Բռնապետության դեմքը․ Իշխանի դղյակի առեղծվածը

Մենք երեկ արդեն անդրադարձել ենք այս նախաձեռնությանը ու բացահայտել ենք Զաքարյանի կերպարն

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։ Պատգամավորը կարծում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, և նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։ Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել Համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած Սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք ևս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար։

Մենք երեկ արդեն անդրադարձել ենք այս նախաձեռնությանը ու բացահայտել ենք Զաքարյանի կերպարն՝ ընդհանուր անդրադարձ կատարելով նրա անցյալին։

Զաքարյանը կմնա մեր տեսադաշտում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի լքել Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը կամ չի հեռացվել դրանից։ Սա մեր «վեթինգի» նվազագույն պայմանն է։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ բռնապետություն չեն ստեղծել, նրանց այս գործում օժանդակել են բազմաթիվ մարդիկ՝ դրա դիմաց ստանալով արտոնություններ, թալանի ինդուլգենցիա։ Այդ «կարկառուների» շարքում նշանային դեմք է Իշխան Զաքարյանը, որը նաև քաղաքական «քամելեոնի» հատկություն ունի ու, թերևս, կփորձի «լեզու գտնել» նաև նորերի հետ, եթե Հայաստանում ու Սփյուռքում նրա դեմ մեծ շարժում չծավալվի։

Ի դեպ, այս առիթով մի դրվագ հիշեցի Զաքարյանի «փառապանծ» կենսագրությունից։ 1998-ի պալատական հեղաշրջման օրերին նա պատգամավոր էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» խմբակցությունից, սակայն ճիշտ պահին առել էր փոփոխությունների հոտը ու ԱԺ-ում զբաղված էր Սամվել Բաբայանի համար մարդ «հավաքագրելով»։ Այդ ժամանակ Բաբայանն ու Զաքարյանին փոխնախարար նշանակած վարչապետ Ռոբերտ Քոչարյանը թիմակիցներ էին, ու Զաքարյանն ինքնադրսևորման նպատակով որոշել էր «համբուրել Սամվել Բաբայանի խաչը» (ձևակերպումը Վազգեն Սարգսյանի շրջապատի բարձրաստիճան մի պաշտոնյայի է, որն այդ ժամանակ հաշիվ է պահանջել Իշխանից «երկու լարի վրա խաղալու» համար)։ Հետո՝ երբ Սամվել Բաբայանի գլխին «սև ամպեր» կուտակվեցին, Զաքարյանը մոռացավ նրան, նրա «խաչն» էլ։

Հիմա Իշխան Զաքարյանը կարող է ուրանալ Քոչարյանին էլ, Սարգսյանին էլ, եթե նոր իշխանությունները հանդուրժեն նրա «սպորտային երկարակեցությունը» ու լեգիտիմացնեն թալանը։

Օրինակ՝ ինչպե՞ս չհիշես Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատան մասին, որը գտնվում է պաշտպանության նախարարության վարչական շենքի հարևանությամբ։

Միայն այս դղյակը, եթե չլինեին անգամ Զաքարյանի մյուս «հերոսությունները», կոռուպցիայի, ապօրինի հաստացման ցցուն օրինակ է։

Ի դեպ, այն օրերի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը սկզբում հերքում էր լուրերը, որ ՊՆ-ի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատան հետ ինքը որևէ կապ ունի, հետո՝ 2015-2016թթ-ին, ստիպված ընդունեց փաստը, սակայն այնպիսի մի հեքիաթ մոգոնեց, որը կարող է կոռուպցիոն մի քանի սկանդալի առիթ դառնալ։

Գնանք երեք տարի հետ ու 2016-ի մամուլից մի կտոր մեջբերենք․ «․․․հասկանալով, թե մարդկանց մոտ հարց է առաջանալու, թե որտեղի՞ց ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանին այդքան փող նման դղյակ կառուցելու համար, Վերահսկիչ պալատի նախագահը հետաքրքիր միտք էր արտահայտել… Տունը կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով: Իշխան Զաքարյանը նաև փաստաթղթեր էր հրապարակել, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ոնց ուզում է ծախսել: Իսկ ավելի ուշ՝ խորհրդարանի հարցուպատասխանի և մամուլի հետաքննության արդյունքում, ի վերջո, Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին։ Ստացվում է Ալբերտ Բոյաջյանը մի քանի միլիոն դոլար է նվիրել Իշխան Զաքարյանին: Վերջինս, ի դեպ, ասել է, որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է. ոլորտ, որի ղեկավարը տարիներ շարունակ Հայաստանում եղել է հենց Իշխան Զաքարյանը»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ «անմեղ» բան է արել մեր Իշխանը։

Գուցե նա Ալբերտ Բոյաջյանի միջոցով «լվացել» է իր «կեղտոտ փողերը», կամ էլ՝ դղյակը կառուցել է Բոյաջյանի տված կաշառքների հաշվին՝ որպես ոլորտի պատասխանատու, նպաստելով Հայաստանում այս գործարարի բիզնեսի ծաղկմանը։ Դե, պարզ է՝ Զաքարյանը «վերև» էլ է «մուծվել»՝ կանոններին համապատասխան։ Բայց սրանով առայժմ վերջակետ դնենք՝ սպասելով նաև իրավապահների արձագանքներին, գրում է  1in.am: