Նախագահը ուզած-չուզած կրելու է իր առաջադրման ոչ միայն իրավական, այլև բարոյական գնահատականի ծանրությունը

Շատերի համար զարմանալի է, թե ինչպես է առաջադրվում մի մարդ, որն իրեն առաջադրողին, դեռ մի կողմ թողնենք դեմագոգ, դատարկաբան բառերը, անվանել է ոչ լեգիտիմ. Գևորգ Պետրոսյան

Շատերի համար զարմանալի է, թե ինչպես է առաջադրվում մի մարդ, որն իրեն առաջադրողին անվանել է ոչ լեգիտիմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին որպես Սահմանադրական դատավորի թեկնածու առաջադրելու փաստին:

«Շատերի համար զարմանալի է, թե ինչպես է առաջադրվում մի մարդ, որն իրեն առաջադրողին, դեռ մի կողմ թողնենք դեմագոգ, դատարկաբան բառերը, անվանել է ոչ լեգիտիմ: Ես այս հարցը պատրաստվում եմ բարձրացնել՝ ինչպե՞ս է թեկնածուն, որ համարում է, որ առաջադրել է ոչ լեգիտիմ պաշտոնյա, սուբյեկտ, ինքը ինչպես է այդ պայմաններում գալու ԱԺ և ներկայացնի իր տեսլականը Սահմանադրական դատարանի անելիքների վերաբերյալ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ այստեղ հետաքրքիր վիճակ է ստեղծվել: «Անձամբ ես, եթե որևէ մեկին համարեմ ոչ լեգիտիմ, բնականաբար, կհրաժարվեմ նրա ցանկացած աջակցությունից, ծառայությունից, սատարումից, առավել ևս՝ եթե խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանում կարգավիճակ զբաղեցնելուն: Եվ եթե մենք խոսում ենք Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի մասին, որը դատական համակարգում ունի կարևորագույն տեղ, դեր և առաքելություն, պետք է, որ այսպիսի մարմինը համալրվի լեգիտիմ սուբյեկտների նախաձեռնությամբ»,- ասաց նա և նշեց, որ, համենայնդեպս, դա նախագահի իրավունքն է և նա որոշել է օգտվել իր իրավունքից:

«Նախագահը պետք է կրի և ուզած-չուզած կրելու է իր առաջադրման ոչ միայն իրավական, այլև բարոյական գնահատականի ծանրությունը: Անձամբ ես չէի առաջադրի մի մարդու, ով ինձ համարում է ոչ լեգիտիմ»,- շեշտեց պատգամավորը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հնարավոր է նախագահ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել է շանտաժի արդյունքում, Պետրոսյանն ասաց. «Ես այդ հարցին չեմ կարող միանշանակ պատասխանել՝ այո կամ ոչ: Տեսականորեն դա չի բացառվում, բայց քանի որ դա լուրջ մեղադրանք է պետական ինստիտուտի նկատմամբ, ես ձեռնպահ կմնամ այդպիսի մերկապարանոց մեղադրանք հնչեցնելուց: Սակայն նորից նշում եմ՝ տեսականորեն չի բացառվում, բայց նաև չեմ կարող հաստատել»,- ասաց նա և հավելեց, որ այլ է խնդիրը, որ եղել են առիթներ, երբ նախագահը հանդես է եկել այնպիսի վարքագծով, որ ավելի շատ բնութագրվում է խաղաղասիրությամբ, ինտրիգ չհարուցելու մոտեցմամբ:

Պատգամավորը հիշեց 2018 թվականի հոկտեմբերի երկուսի դեպքերը: «Երբ վարչապետ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի երկուսին փողոցից հայտարարում էր կոալիցիոն գործընկերների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտաներով նախարարների պաշտոնները զբաղեցրած նախարարների ազատման մասին, դա շատ լավ առիթ էր, որ հանրապետության նախագահը, հիմք ընդունելով Սահմանադրության այն իրավադրույթը՝ համաձայն որի ինքը հետևում է Սահմանադրության պահպանմանը, արձագանքեր, սակայն նա չարձագանքեց: Այնինչ՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախարարները չեն նշանակվում և ազատվում փողոցի հայտարարությունների հիման վրա, որոշակի արարողակարգ կա դրա համար՝ վարչապետի ներկայացմամբ, նախագահի հաստատմամբ: Բայցի այդ, ներկայացնելն էլ չի լինում բանավոր հայտարարություններով, լինում է գրավոր»,- հայտարարեց նա:

Պետրոսյանը նշեց՝ այդպիսի առիթներ են եղել և նախագահն արդեն իսկ հասցրել է ցույց տալ, որ հեռու է մնում ինտրիգներից: «Եթե հանրապետության նախագահը Սահմանադրության համաձայն պետության գլուխն է, և պետության գլուխն իրենից ցածր օրգանների գործողություններին ու հայտարարություններին համարժեք պատասխան չի տալիս, այստեղ արդեն պետության գլուխ լինելու այդ գաղափարը վնասվում է, լրջորեն կասկածի տակ է դրվում»,- ասաց նա:

Այս դիտարկումներով հանդերձ Պետրոսյանը Արմեն Սարգսյանին չցանկացավ բնութագրել որպես թույլ նախագահի: «Ես որպես մարդ հարգում եմ նախագահին, բնորոշումներ չէի տա, թե թույլ է: Իմ անձնական կարծիքն այն է, որ նախագահը պատշաճ չի հետևում Սահմանադրության պահպանմանը, բայց անձնական որակներ տալուց՝ թույլ է, ուժեղ է, վախկոտ է, խիզախ է... որևէ խնդիր չունեմ այդպիսի եզրույթներ օգտագործելու: Պարզապես քաղաքական բարեվարքության տեսանկյունից և նաև հաշվի առնելով, որ խոսում ենք պետության սիմվոլների մասին, ես մի փոքր ձեռնպահ կմնամ նման որակումներ տալուց, բայց այն որ Սահմանադրությանը հետևելու գործառույթն այսօր լիարժեք չի իրացնում, երևի թե այս հարցով ինձ հետո որևէ մեկը չի կարող վիճել»,- շեշտեց նա:

Իսկ թե որքանով է օրինականության սահմաններում տեղավորվում Գրիգորյանին երկրորդ անգամ Սահմանադրական դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրելը, նա ասաց, որ մեկնաբանման կարիք ունի «նոր թեկնածու» եզրույթը:

«Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները այն կարծիքին են, որ «նոր» ասելով պետք է հասկանալ երբևէ չքվեարկված, չներկայացրած թեկնածու, բայց այդ «նոր» հասկացությունը կարող է ընկալվել նաև նոր գումարման ԱԺ-ում ներկայացված թեկնածու: Ես կարծում եմ՝այս հարցը կդառնա լուրջ քննարկման առարկա: Հիմա հարց է առաջանում՝ «նոր» եզրույթն ինչպես պետք է մեկնաբանել, որ ընդհանրապես առաջադրված չլինի՞, անկախ նրանից, որ գումարման ԱԺ-ում է, թե՞ կարող է լինել առաջադրված նախկինում, բայց ընտրված չլինել, թե՞ խոսքը անընդմեջ չառաջադրվելու մասին է. այսինքն՝ եթե անընդմեջ չի առաջադրվում անձը, ապա հաջորդ անգամ նա դիտվում է որպես նոր թեկնածո՞ւ»,- ասաց նա և հավելեց, որ պետք է սպասել զարգացումներին:

«Ես դրա համար ասացի, որ նախագահն է կրում իր առաջադրման իրավական և բարոյական գնահատականների ծանրությունը և ասացի՝ իր փոխարեն չէի առաջադրի հաշվի առնելով և բարոյական և իրավական մասը խնդրի»,- ընդգծեց պատգամավորը:

Նա հավելեց, որ որքան էլ մի քանի առումներով Վահե Գրիգորյանն իր համար ընդունելի թեկնածու չէ, այդուհանդերձ ինքը «նոր» ասելով հակված չէ հասկանալ երբևէ չառաջադրված թեկնածուի: «Ես կարծում եմ, որ «նոր» ասելով՝ կարելի է հասկանալ այն, որ 2 անգամ անընդմեջ չառաջադրվի: Այստեղ քննարկման խնդիր կա, պարզաբանման հարց կա»,- շեշտեց նա: