ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը պետք է դիտարկումներ իրականցնի՝ պարզելու համար, թե բենզինի գնի գնային տատանումներն ինչի՞ հետեւանք են։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Այս առումով ՏՄՊՊՀ–ն ունի գործառույթ, պետք է շարունակի դիտարկումներ կատարի՝ հասկանալու համար, թե գնային տատանումները ինչի հետեւանք են։ Դա այն շուկան է, որտեղ միջազգային գների փոփոխությունը ուղիղ ազդեցություն է ունենում»,–նշեց նա։
Նախարարը շեշտեց՝ ինքը այդ ոլորտում նեղ մասնագետ չէ, սակայն նշեց, որ նավթը եւ բենզինը տարբեր պրոդուկտներ են, ուստի պետք չէ բենզինի գների տատանումը կապել նավթի գների աճի հետ. «Նավթը եւ բենզինը տարբեր պրոդուկտներ են, հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում նավթի գները գնան մեկ ուղղությամբ, բենզինի գները մեկ այլ ուղղությամբ։ Բայց ես դրա նեղ մասնագետը չեմ, համապատասխանաբար կարծում եմ, որ հարցին պատասխան պետք է տրվի ՏՄՊՊՀ–ի համապատասխան վերլուծության արդյունքում»։
Հարցին՝ ղազախական ընկերությունները, որոնք մտադիր էին նավթամթերքի հայկական շուկա մուտք գործել, դեռ չե՞ն պատրաստվում գալ, նախարարն ասաց. «Նոր ընկերությունների գալը կապված է ենթակառուցվածքային հենք ունենալու հետ, նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, կարծում եմ՝ նրանք իրենց անհրաժեշտ ենթակառուցվածքները կձեւավորեն եւ կդառնան շուկայի հաջորդ խաղացողը»։
0Comments