Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հետընթաց է գրանցել հանդուրժողականության մասով

Ռուբեն Մելիքյանը՝ իր գրառման և ԿԳ նախարարի մեկնաբանության մասին

Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված «խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների, իսկ ոստիկանությունը մատնվել է անգործության»։

Գրառումից մի քանի ժամ անց Ռ. Մելիքյանը նոր գրառում էր կատարել՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր» է տարածում իր մասին, քանի որ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքվածների կողմից Աջափնյակի դատարանում դատավորին քաշքշելու ու պատուհան կոտրելու դեպքը։ Նա նաև գրել էր, որ հետևողական է լինելու, որպեսզի այն երիտասարդը, որը ոտնձգություն է թույլ տվել դատավորի նկատմամբ և խոչընդոտել է նրա մուտքը դատարան, պատասխան տա իր արարքի համար և ենթարկվի վարչական պատասխանատվության։

168.am-ը Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, պարզե՞լ է՝ ի՞նչ նկատի ունի ԿԳ նախարարը, ի՞նչ հարցերում ինքը հետևողական չի եղել։

«Այդ գրառումը համարում եմ ոչ թե պաշտոնական, այլ անձնական բնույթի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նախարար Արայիկ Հարությունյանի հետ մենք ունեցել ենք անձնական հարաբերություններ դեռևս ուսանողական տարիներից, որևէ անձնական խնդիրներ չենք ունեցել։ Չէի ուզենա, որ նախարարի այս ձևակերպումը դիտարկվի այլ տիրույթում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ ինչ ուներ ասելու, հրապարակավ իր գրառման տակ գրել է, եթե նախարարն այլ ասելիք ունի, ապա կարող է ասել, եթե ոչ, ապա թեման կարելի է համարել սպառված։

Հարցին՝ գուցե ԿԳ նախարարը նման մեկնաբանություն գրել է այն պատճառով, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց՝ Հայաստանում, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, հստակ ցուցիչներ կան, որոնք կարող են հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հետընթաց է գրանցել հանդուրժողականության մասով։

«Մեր երկրում հանդուրժողականության մակարդակն էապես նվազել է, երբեմն միմյանց հետ նորմալ անձնական հարաբերություններ ունեցող մարդիկ փորձում են տարբեր քաղաքական հայացքները բերել անձնական դաշտ։ Ընդհանուր առմամբ՝ սա ես համարում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության արդյունք, նրա կառավարության չմտածված այն սև ու սպիտակի արդյունք»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։