ԿԳ նախարարի խոսնակն ազատվել է

Նշենք, որ Լուսինե Մարգարյանը պրոֆեսիոնալ ՊՌ մասնագետ և փորձառու լրագրող է

ԿԳ նախարարի մամուլի խոսանկ Լուսինե Մարգարյանն ազատվում է աշխատանքից և անցնում է այլ պաշտոնի: Այս մասին նա գրել է Ֆեկսբուքի իր էջում.

«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը: 
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության, փոխադարձ ըմբռնման համար: Անկախ աշխատանքային և մասնագիտական դժվարություններից՝ մեզ հաջողվել է պահպանել մարդկային ջերմ հարաբերություններ:
Շնորհակալություն ՀՀ կրթության և գիտության նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք պատվով են տանում պետական ծառայողի բարձր կոչումը և, լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, երբեմն օրվա ընթացիկ աշխատանքների բեռի տակ չեն հասցնում իրենց ստեղծարար միտքը գործնականի վերածել:
Իմ խոնարհումը ուսուցիչներին, կրթօջախների տնօրեններին, դասախոսներին, կրթության ոլորտի նվիրյալներին, որոնք, անկախ բարեփոխումների վեկտորից, մշտապես ծառայում են երիտասարդ սերնդի դաստիարակության պատասխանատու ու պատվավոր գործին:
Կրկին շնորհակալություն բոլորիդ: Կհանդիպենք նոր աշխատավայրում, որտեղ շարունակելու եմ մասնագիտական կարողություններս ծառայեցնել Հայաստանին: Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան»,- գրել է Լուսինե Մարգարյանը:

Մենք փորձեցինք ճշտել, թե որտեղ է անցնելու այլ աշխատանքի, սակայն Լուսինե Մարգարյանն ասաց, որ այդ մասին հայտարարություն կանի մի քանի օր անց:

Նշենք, որ Լուսինե Մարգարյանը պրոֆեսիոնալ ՊՌ մասնագետ և փորձառու լրագրող է: Նա ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, երբ նախարարի պաշտոնում նշանակվեց Լևոն Մկրտչյանը: Հեղափոխությունից հետո ԿԳ ներկա նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում էր աշխատել նրա հետ: