Տիտանի վրա հսկայական սառցե պատ է հայտնաբերվել

Գիտնականների կարծիքով՝ սառցե «պատը» ձեւավորվել է հնում, հրաբխային ակտիվության եւ, համապատասխանաբար, կլիմայի այլ պայմաններում, դիտարկումները ցույց են տվել, որ սառույցը աստիճանաբար հալչում է մեթանի անձրեւների ներքո

Արիզոնայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները վերլուծության ժամանակակից մեթոդների օգնությամբ կարողացել են հայտնաբերել երկրաբանական սառցե օբյեկտ Սատուռնի ամենամեծ արբանյակի՝ Տիտանի վրա։ Ավելի վաղ կարծիք կար, թե Տիտանի մեթանի մթնոլորտի տակ օրգանական մնացորդներ կան, որոնք քայքայվում են արեւի լույսի ազդեցությամբ, տեղեկացնում է Planet-today-ը։

Սատուռնի արբանյակի հետազոտողները վերլուծել են Cassini տիեզերասարքի տվյալները՝ կիրառելով ինֆրակարմիր սպեկտրաչափ։ Սարքը թույլ է տվել աստղագետներին հաղթահարել անթափանց խիտ մթնոլորտային ծուխը, որը ծածկում էր մոլորակակերպի մակերեսը։ Արդյունքում՝ գիտնականները հասարակածի շրջանում հայտնաբերել են ավելի քան 6 հազար կիլոմետր երկարությամբ սառցե կազմավորում, որը ինքնատիպ «պատ» է եւ որն զբաղեցնում է Տիտանի շրջակայքի մոտ 40 տոկոսը։

Գիտնականների կարծիքով՝ սառցե «պատը» ձեւավորվել է հնում, հրաբխային ակտիվության եւ, համապատասխանաբար, կլիմայի այլ պայմաններում։ Դիտարկումները ցույց են տվել, որ սառույցը աստիճանաբար հալչում է մեթանի անձրեւների ներքո, եւ դրանց տակ կարող են բացվել օրգանական հանքանյութերի շերտեր։