Բանավեճի ժամանած Պյոտր Պորոշենկոն երգել է Վլադիմիր Զելենսկու համար

Երգից հետո Պորոշենկոն իջել է բեմից՝ իր կողմնակիցների հետ լուսանկարվելու համար

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ժամանելով «Օլիմպիյսկի» մարզադաշտ, որտեղ պետք է կայանար բանավեճը նախագահական թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ, հատված է կատարել է ուկրաինական «Ти ж мене підманула» հայտնի երգից: Պորոշենկոյի «երաժշտական ելույթի» տեսանյութը համացանցում հրապարակել է «112 Украина»-ն:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, հրապարակված տեսանյութում երևում է, որ Պորոշենկոն զուգերգով հանդես է գալիս KOZAK SYSTEM ռոք խմբի մեներգչի հետ: 

«Գուցե այսպես Վլադիմիր Ալեքսանդրովիչը լսի մեզ», - շեշտել է ուկրաինացի առաջնորդը:

Երգից հետո Պորոշենկոն իջել է բեմից՝ իր կողմնակիցների հետ լուսանկարվելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Զելենսկին չի ժամանել բանավեճի: Պորոշենկոն, իր հերթին, հայտարարել էր, որ պատրաստ է 40-45 րոպե սպասել նրա գալուն:

Մարզադաշտի ղեկավարությունից հայտնել են, որ նախագահական թեկնածուներից տարբեր օրերի բանավեճ անցկացնելու հայտեր են ստացել: Զելենսկին հայտարարել է, որ բանավեճը տեղի է ունենալու ապրիլի 19-ին: