Պարույր Սարգսյանը հրաժարական տվել է ավելի շուտ, քան ես այցելել եմ Զարթոնք. Արմավիրի մարզպետը մանրամասնում է

Դատապարտում եմ ցանկացած անօրինական քայլ՝ անկախ նրանից, դա եղել է կրակոցների, թե այլ բախումների միջոցով

Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվել է ավելի շուտ, քան ես այցելել եմ համայնքապետարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմավիրի Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

«Ուղղակի մենք ունեցել ենք պայմանավորվածություն, որ կհստակեցնենք լուծումները, ես կայցելեմ համայնք եւ կներկայացնեմ: Այդպես էլ եղավ, ես քննարկում եմ ունեցել համայնքապետի հետ, նա ճիշտ եւ ողջամիտ քայլի է եկել, ներկայացրել է հրաժարականի դիմումը, որն արդեն մարզպետարան մուտք ենք արել: Այնուհետեւ ես գնացել եմ համայնք, նաեւ ներկայացրել եմ պատճառը, թե ինչու ավելի վաղ չէի այցելում համայնք: Պատճառն այն է, որ մենք այդ հարցով զբաղվում էինք եւ շատ բաներ կար, որ պետք չէր լուսաբանել, նախապես համայնքի բնակիչների մոտ քննարկումներ ծավալել»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ գյուղապետը պահել է իր տված խոսքը եւ հրաժարական է ներկայացրել:

Անդրադառնալով այսօր Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպին, մարզպեն ասաց. «Դատապարտում եմ ցանկացած անօրինական քայլ՝ անկախ նրանից, դա եղել է կրակոցների, թե այլ բախումների միջոցով: Ես վստահ եմ, որ իրավապահները մինչեւ վերջ կքննեն գործը եւ մեղավորները կպատժվեն: Ես հետեւողական եմ լինելու, որ համայնքում գյուղապետարանի աշխատանքները կաթվածահար չլինեն, նոր բախումներ չլինեն: Ես քննարկում եմ ունեցել եւ գյուղապետին սատարողների, եւ բողոքող կողմի հետ: Թող գյուղացիները մասնակցեն առաջիկա ընտրություններին, ընտրեն իրենց ցանկացած թեկնածուին»:

Հարցին, թե այցելե՞լ է վիրավորներին, Մաթեւոսյանը պատասխանեց, որ ցավոք ժամանակ չի ունեցել. «Բայց իմ աշխատակազմի ղեկավարը ուղիղ կապ ունի տնօրենների, բժիշկների հետ, ես առողջություն եմ մաղթում իրենց եւ հուսամ՝ ոտքի կկանգնեն»:

Հիշեցնենք, որ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով կրակել ու վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ավելի ուշ ,ից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել երկու անձ ձերբակալվել է, որից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»: