Երևանն ու Բաքուն փորձում էին շրջանցել մադրիդյան սկզբունքները` ստեղծելով նոր տարբերակ. Տարասով

3 ժամ զրուցել են ու սա շատ է դիվանագիտության համար, սա նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը խոսել են լուրջ հարցերից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կողմերն առաջին անգամ Հայաստանի վարչապետ ՆիկոլՓաշինյանի նշանակումից հետո հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«4 անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն էին հանդիպել, 3 անգամ ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Ալիևն ու Փաշինյանը, և սա առաջինն էր, որ ՄԽ հովանու ներքո էր: Փաստորեն, տեղի էր ունենում երկու զուգահեռ գործընթաց. ՄԽ-ն հանդիպում էր նախաձեռնում, կողմերը ևս նախաձեռնում էին հանդիպումներ: Չի բացառվում, որ կողմերը փորձում էին կարգավորման իրենց տարբերակը մշակել և առաջարկել դրանք ՄԽ-ին: Կարծում եմ, որԵրևանն ու Բաքուն փորձում էին շրջանցել մադրիդյան սկզբունքները և ստեղծել նորտարբերակ: Ամենայն հավանականությամբ այդ սցենարը տապալվեց»,- շեշտեց Տարասովը:

Քաղաքագետի խոսքով՝ հանդիպման ինտրիգային կողմն այն էր, որ Երևանն ու Բաքուն հրապարակայնորեն մերժում էին միմյանց տեսակետները, հակասական հայտարարություններ էին անում, և հարց էր առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ են հանդիպում, ինչի՞ մասին են խոսելու»,- ասաց Տարասովը:

Քաղաքագետի խոսքով՝ հանդիպումը հատկանշանական էր նաև այն տեսանկյունից, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա նախաշեմին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել էր մադրիդյան սկզբունքները, խոսել էր Երևանի այն առաջարկի մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ ասելով, որ ձևաչափի փոփոխությանը դեմ է:

Տարասովն ասաց, թե չի բացառվում, որ Երևանը միտումնավոր օգտագործում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելու խաղաթուղթը՝ լավ հասկանալով, որ Բաքուն դրան դեմ կլինի, և այսպիսով գնդակը նետում է Ադրբեջանի դաշտ:

«Պարզ դարձավ, որ 3 ժամ զրուցել են ու սա շատ է դիվանագիտության համար: Սա նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը խոսել են լուրջ հարցերից: Հանդիպումից հետո նրանք դրական են գնահատել այն, ինչը նշանակում է, որ տրամադրված են շարունակել երկխոսությունը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը՝ միաժամանակ շեշտելով, որ չկան կոնկրետ պայմանավորվածություններ, ՄԽ հայտարարության մեջ չկա այն մասին, որ կողմերը որոշակի հարցերի շուրջ համաձայնության են եկել, ինչպես դա նախորդ դեպքերում էր: