Ջոն Տրավոլտան պատմել է, թե ինչու է «Սիրունիկը» ֆիլմում իր փոխարեն Ռիչարդ Գիրը նկարահանվել

Իմ մենեջերները դեմ էին ֆիլմում իմ մասնակցությանը

Ամերիկացի հայտնի դերասան Ջոն Տրավոլտան հրաժարվել է 6 դերից, այդ թվում՝ «Սիրունիկը» (Pretty Woman) ռոմանտիկ կատակերգությունում և «Չիկագո» (Chicago) մյուզիքլում դերերից, որոնցում ի վերջո նկարահանվել է Ռիչարդ Գիրը: Այդ մասին դերասանը հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

«Առանց դեմքի» (Face/Off), «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction),«Շաբաթ երեկոյան տենդ» (Saturday Night Fever) և այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան աստղը կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում:

«Կարծում եմ՝ 6 ֆիլմ կա, որոնցից ես հրաժարվեցի, իսկ Գիրը նկարահանվեց դրանցում: «Սիրունիկը» ֆիլմը հատուկ ինձ համար էր գրվել, սակայն իմ մենեջերները դեմ էին ֆիլմում իմ մասնակցությանը»,- ասել է Տրավոլտան: