Տղամարդը պետք է մեկ անգամ ամուսնանա և իր կնոջ հետ ապրի մինչև մահվան մահիճ. Ժիրինովսկի

Մենք ձեզ կպաշտպանենք եւ կփայփայենք ձեր սերը, մենք միշտ ձեր մասին կհոգանք

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կանանց միջազգային օրվա նախաշեմին ռուս կանանց ամենագեղեցիկն է անվանել: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շնորհավոր տոնը, Ռուսաստանի կանայք: Դուք ամենաքնքուշն եք, գեղեցիկը, խելացին: Մենք ձեզ կպաշտպանենք եւ կփայփայենք ձեր սերը: Մենք միշտ ձեր մասին կհոգանք»,- լրագրողներին ասել է Ժիրինովսկին:

Ժիրինովսկին նշել է, որ տոներից անկախ՝ ՌԼԴԿ-ում ամեն օր մտածում են «տատիկների, մայրերի, քույրերի, կանանց մասին»:

Գլխավոր լիբերալ-դեմոկրատի կարծիքով՝ տղամարդը պետք է մեկ անգամ ամուսնանա եւ ընդմիշտ կնոջ հետ մնա:

«Կինը պետք է մեկը լինի: Եթե նրան ամուսինը դուր չի գալիս, նա իրավունք ունի ամուսնուն փոխելու: Իսկ եթե ամուսնուն կինը դուր չի գալիս, նրա հետ պետք է ապրի մինչեւ մահվան մահիճ»,- ասել է նա:

Տոնի առիթով ՌԼԴԿ առաջնորդը փոխել է ավանդական դրես-կոդը եւ լիագումար նիստին եկել փողկապի փոխարեն թիթեռնիկ կապած: