Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համատեղ հանձնաժողովը զբաղվում է զուտ սահմանազատման հարցերով, իսկ խաղաղության պայմանագիրը բանակցվում է բոլորովին ուրիշ ձևաչափում։ Ըստ նրա՝ այդ պայմանագիրն իր իրավական կարգավիճակով շատ ավելի բարձր փաստաթուղթ է, քան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
«Արձանագրել ենք, որ հիմա եթե այս կանոնակարգը մենք կվավերացնենք, չգիտենք, թե խաղաղության պայմանագիրը երբ կստորագրվի։ Երբ խաղաղության պայմանագիրն ընդունվի և որոշակի հակասություններ ի հայտ կգան, ոչ թե խաղաղության պայմանագիրը պետք է համապատասխանեցնել կանոնակարգին, այլ կանոնակարգը պետք է համապատասխանեցնենք պայմանագրին»,-Ստեփանավան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, սահմանազատման գործընթացում այսօրվա իրավիճակով չեն լինի գյուղեր, որոնք կարող են զրկվել ճանապարհից։ Եթե նույնիսկ Կիրանցի հատվածում խնդրահարույց 1 կմ ճանապարհի հատվածը չտեղափոխեն, ապա, նրա խոսքով՝ այն Աճարկուտ գյուղով ունի ճանապարհ, այն գործում է, որը սկսել են նորոգել։
«Ոսկեպարի հետ կապված սկզբունքորեն կարող ենք ասել, որ ամբողջական տարբերակում էլ չի կզրկվի, որովհետև Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհը կա, բայց խոսքը կարող է լինել Ոսկեպար-Կիրանց ճանապարհի մասին։ Սակայն այս փուլում սահմանազատման այդ հատվածն, ինչպես տեսաք՝ չի իրականացվում։ Հետևաբար՝ այս խնդիրը չկա, բայց մյուս կողմից՝ ոսկեպարցիներին խնդրել եմ, նրանք էլ ասել են՝ չեն ուզում նոր ճանապարհ, քանի որ հոգեբանորեն իրենց համար խնդիր է առաջացնում։ Ես էլ ասել եմ՝ լավ, եթե ինչ-որ խնդիրներ լինեն, մասնագետներ, ճարտարապետներ կգան, կնստեք, կհասկանաք՝ ինչ անել, որովհետև մեր խնդիրը միայն Ոսկեպարի ճանապարհի հարցի լուծելը չէ, մեր խնդիրն է, որ Ոսկեպարով միջպետական ճանապարհ անցնի, որովհետև մենք դա ենք պայմանավորվել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ նման որոշման պատճառը ՀՀ ինքնիշխանությունը մեկ աստիճանով բարձրացնելն է՝ բոլոր առումներով, Հայաստանի միջազգային, տարածաշրջանային հեղինակությունը։
«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում շատ բան է փոխվելու, շատ տեղերում շատ բան է փոխվելու։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել այն բանի վրա, որ ակնհայտորեն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ ՀՀ ինքնիշխանությունը զարգանա, նրանք ուզում են, որ ՀՀ ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորտպոստի տրամաբանությամբ։ Այս առումով ես հանգիստ եմ, որովհետև Ոսկեպարի, Կիրանցի մեր ժողովրդի հետ մենք խոսել ենք։ Կիրանցի դեպքում խնդիր կա, որ մենք չենք դրել բուն քարտեզը, հասկանում եմ, որ այստեղ քարտեզ ասելով՝ իրենք ուղղորդվել են գուգլի քարտեզով։ Հիմա եթե, օրինակ, լինեն տների հարցեր, մենք դա քաղաքականացնենք՝ դարձնենք միջազգային հարց, երաշխավորում եմ, որ 10 անգամ կբարդանա։ Իսկ եթե մենք դա աշխատանքային մակարդակով, հանգիստ նորմալ աշխատանքը պահելով Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հետ… ի դեպ, ուզում են գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների համանախագահներին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մթնոլորտում են աշխատում, աչքով չտամ, բայց նրանց հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կենտրոնանալ խնդրի վրա և այդ խնդրից ծագող հարակից խնդիրների վրա։
Ես Տավուշում ասել եմ, որ պետք է լինի պետական սահման, անցակետ և դուք ու Ադրբեջանի բնակիչները կորոշեք՝ ուզո՞ւմ եք իրար հետ շփում ունենալ, թե՞ ոչ, տնտեսական գործակցություն ունենա՞ք, թե՞ ոչ։ Եթե ուզում եք՝ շատ լավ, եթե չուզեք՝ էլի ձեր գործն է»,- ընդգծեց նա։
0Comments