ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ

Մանրամասներ
ամն

Վաշինգտոնի հետ ռազմական համաձայնագիրը խզելու որոշումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Վաշինգտոնը Նիգերի իշխանությունում գտնվող Հայրենիքի փրկության ազգային խորհրդին մեղադրել է Իրանին ուրանի պաշարների հասանելիություն տրամադրելու գործարք պատրասելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ մարտի կեսին Նիգեր ժամանած ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմի մեջ էին ԱՄՆ պետքարտուղարի Աֆրիկայի հարցերով օգնական Մոլի Ֆին եւ ԱՄՆ Զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Լենգլին, մտահոգություն է հայտնել Իրանի հետ Նիգերի համագործակցության առիթով՝ ուրանի հանքավայրերի օգտագործման վերաբերյալ։

The Wall Street Journal-ը փետրվարին պարզել էր, որ Իրանի եւ Նիգերի բանակցությունները «բավական առաջ են ընթացել»։ Ինչպես հայտնել է թերթի անունը չնշած զրուցակիցը, կողմերը ստորագրել են նախնական պայմանավորվածություն։ Երկու այլ աղբյուր նշել է, որ գործարքը չի ավարտվել։

ԱՄՆ եւ արեւմտյան այլ երկրների հետախուզական տվյալները վկայում են, որ պայմանավորվածության արդյունքում Իրանին կարող է հասանելի դառնալ Նիգերի ուրանի պաշարների մի մասը։