Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 181. «Ժողովուրդ»

Մանրամասներ
նիկոլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 69-րդ կետը հետևյալն էր․ «Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա»։

Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը կարեւորագույն նշանակություն ունեցող երկրներում նշանակել է բացառապես իր թիմակիցներին, որոնք չունեն դիվանագիտական կրթություն: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր՝ իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը, Ռուսաստանի Դաշնությունում՝ մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը եւ այլն:

Ժողովուրդ օրաթերթը տեղեկցրել էր, որ Հայաստանի անկախ Հանրապետության դիվանագիտական պատմության մեջ 2023թ․ դեկտեմբերին տեղի ունեցավ աննախադեպ դեպք՝ Հայաստանի քաղաքներից մեկում կոալիցիոն կառավարումը խզելու պատճառով, նեղ քաղաքական խնդիրներից ելնելով, պաշտոնանկ արվեց դեսպան։

Մասնավորապես, 2023թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց, որով Միսակ Բալասանյանը, հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող էր ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդին հետ կանչվեց դեսպանի պաշտոնից: Իհարկե, Միսակ Բալասանյանը եւս կադրային դիվանագետ չէր եւ նշանակվել էր ՔՊ-ի քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված միայն»: