Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի. Տեսանյութ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը խաթարել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ինչը հուշում է, որ Թեհրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ կանխելու Հայաստանի տարածքով միջանցքի բացումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։

Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերահսկողությանը Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին, ապա Բաքուն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որում նշված է այդ դրույթը, և այդ փաստաթուղթը, ինչպես նշեց փորձագետը, փաստացիորեն ուժի մեջ չէ։

Նա բացատրեց, որ Իրանը դեմ է երրորդ երկրների կողմից այս ճանապարհի վերահսկմանը։

«Այս ճանապարհը, եթե այն լինի, պետք է լինի բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո։

Իրանը լուրջ դերակատարում ունեցավ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման դավադիր ծրագրի չեզոքացման գործում։ Թեհրանի համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունը «կարմիր գիծ» է։ Իրանի այս դիրքորոշումը բոլորը հաշվի են առնում։ Դրա վկայությունն է Էրդողանի հայտարարությունը, ով մատնանշել է Իրանի կողմից այս միջանցքի բացման հարցում խոչընդոտները։

Իրանը պատրաստ է կանխել այս դավադիր ծրագրի իրականացումը, բոլոր սցենարները դրված են Իրանի սեղանին, դա իր համար անընդունելի է, քանի որ սպառնում է իր անվտանգությանը։

Թեհրանը փորձում է դիվանագիտորեն համոզել կողմերին հրաժարվել այս գաղափարից, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական ազդանշան ուղարկել, ինչպես եղավ Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների ժամանակ։ Սա ազդանշան է, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա այս ծրագրի իրագործումը։

Իրանը լուրջ դերակատարում ունի ինչպես տարածաշրջանի անվտանգության ապահովման, այնպես էլ Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության կառուցման հարցում»,- ընդգծել է Հոսեյնին։

Նա նշեց, որ Հայաստանը ձգտում է անվտանգության հարցերում բազմավեկտոր համագործակցության, այդ թվում՝ Արևմուտքի, Հնդկաստանի և Իրանի հետ։ Թեհրանի հետ համագործակցությունը լավ թիկունք կստեղծի Հայաստանի համար:

«Իրանի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է և հակառակը։ Մեր շահերը համընկնում են, և մենք պետք է սերտ համագործակցություն հաստատենք բոլոր ոլորտներում»,- հավելեց փորձագետը։

Նա կարևորեց նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը։

«Իրանը կարող է կարևոր դեր խաղալ Սյունիքի զարգացման գործում, ինչը կբարձրացնի անվտանգության մակարդակը»,- ​​եզրափակել է Հոսեյնին։