Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ սահմանապահների վերահսկողությունը տրամաբանական է. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
ռուս սահմանապահ

ՀՀ իշխանություններն ասում էին, որ պատրաստ են տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ հավասարության և փոխադարձության շրջանակում ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքների հիման վրա. Ադրբեջանը չի հրաժարվել այս մոտեցումից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս թեման ավելի վաղ մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Սակայն այս աշխատանքը կանգ է առել  հայ գործընկերների դիրքորոշման պատճառով», - ասել է Զախարովան:

Նա նաև անդրադարձել է Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության կողմից վերահսկողության մասին հարցին:

«Դա տրամաբանական է և՛ երթևեկության օպտիմալ կազմակերպման տեսանկյունից, և՛ տնտեսական առումով», -նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ՌԴ սահմանապահները տեղակայված են Սյունիքում:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Զախարովան ասել է, որ ՌԴ-ն այն չի համարում Մեղրիով կամ այլ երթուղուն այլընտրանք:

«Ավելի շուտ այն առավել ընդարձակ տեսլականն է ապագայում տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ»,-  նշել է նա՝ հիշեցնելով, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն աջակցություն է հայտնել նախագծին: