Երևանի թիվ 130 դպրոցի աշակերտների ծնողների բողոքի ակցիան. «Դպրոցը քանդվում է, ուսուցիչները հեռանում են». VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ նորընտիր տնօրենը աշխատանքից հեռացրել է մի շարք` իրենց մասնագիտությանը լավագույնս տիրապետող ուսուցիչների:

Դպրոցի ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչ նոր տնօրենը եկել է, հին մասնագետները, լավ մանկավարժները դիմում են գրել, հեռացել են, իսկ անգրագետ մարդկանց բերել, իրենց տեղն են դրել: Դա անում են թուրքահպատակ գրքերը տպելով:

Մեր նոր տնօրենը, այս երկու տարվա ընթացքում բոլոր լավ մսնագետներին, մանկավարժներին հեռացրեց՝ իր կապրիզների պատճառով: Բոլորը դիմում գրեցին, հեռացան: Հիմա չգիտեմ՝ ինչ է կատարվում, մասնագետ չկա, ռուսերենի ուսուցիչ  գոյություն չունի, գրքերը թրքահպատակ նպատակ ունեն, տպագրողները թուրք են, մնացածն էլ՝ ադրբեջանցի: 5-րդ դասարանից սեռական կյանք են ուզում սովորեցնել»,-ասաց նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ երկու երեխաները սովորում են այդ դպրոցում՝ 2-րդ եւ 6-րդ դասարանում. «Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ վերջին 2 տարվա ընթացքում դպրոցը դեգրադացվել է: Դպրոցը միայն գիտելիք տվող չէ, նաեւ դաստիարակող հաստատություն է, հայրենասիրություն դաստիարակող հաստատություն է: Նոր տնօրենը որ եկավ, 2021-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի վրայից հեռացվեց Արցախի դրոշը: Դպրոցից հեռացվել են արցախյան պատերազմի հերոսական դրվագները պատկերող նյութերը:

Դպրոցի ուսուցիչները հեռանում են: Ես չեմ հիշում, թե տարվա ընթացքում քանի մաթեմատիկայի ուսուցիչ է իր երեխաներից մեկը փոխել: Հիմա ահազանգ կա, որ երեք փոխտնօրեն, ներառյալ իմ երեխաներից մեկի դասվարը, դիմում են գրել եւ դուրս են գալիս: Եթե բանիմաց, սրտացավ մանկավարժները  հեռանում են, ես իմ երեխային էլ ինչի՞ համար բերեմ այս դպրոց: Դպրոցը քանդվում է: Այս դպրոցի օրինակով տեսնում ենք, թե կրթական համակարգում ինչ է տեղի ունենում»,-ասաց Արթուր Խաչատրյանը: