Կարևոր է մեր երկրների ավանդույթներն ապագա սերունդներին փոխանցելը. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Մանրամասներ
Կոպիրկին

Ռուսական կողմը գոհ է ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի աշխատանքից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս կենտրոնը դարձել է երեխաների համար գրավիչ վայր։ Մենք շատ գոհ ենք, նրանց այստեղ հետաքրքիր է, ուսանելի է. այն, ինչով նրանք այստեղ զբաղվում են, նպաստելու է նրանց հետագա հաջողությունների հասնելուն»,– նշել է Կոպիրկինը։

Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունները ամրապնդում են երկու երկրների հարաբերությունները:

«Մեր 2 երկրների ավանդական, դարավոր շփումներն առաջին հերթին շփումներ են մարդկանց միջև, և այդ ավանդույթները շատ արժեքավոր ու խորն են։ Դա կարևոր է մեր ժողովուրդների, երկրների ճակատագրերի համար»,– ասել է դեսպանը։

Ըստ նրա` հենց դրանք պետք է փոխանցվեն երիտասարդ սերնդին։

Գավառ կատարած այցի շրջանակներում Կոպիրկինը հանդիպել է նաև Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Հանդիպմանը քննարկվել է ռուս–հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես կրթության ոլորտում փոխգործակցությանը ՌԴ մարզերի և Գեղարքունիքի մարզի միջև:

Առանձին անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների լուծմանը։ 2023 թվականի հոկտեմբերին ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ աջակցություն է ցուցաբերվել Գեղարքունիքի մարզի 9 բնակավայրերի 260 ընտանիքի։ Առաքվել է առաջին անհրաժեշտության պարագաներով 1000 փաթեթ։

Ընդհանուր առմամբ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6 հազար 800 մարդ։ Մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։

Հիշեցնենք, որ մարզում ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը ստեղծվել է «Միր» հիմնադրամի և ՌԴ «Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի» աջակցությամբ։ Այնտեղ երեխաները կարողանում են ուսումնասիրել ռուսաց լեզուն, մշակույթը և հայ–ռուսական բարեկամության պատմությունը: