Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևն առաջին պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
Նրա հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ երկրներին հորդորել է «չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը», այլ կառուցողական ներդրում ունենալ դրանում:
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։
Այս գործընթացում Ադրբեջանի հետ մենք գործում ենք ուս ուսի»,- Ալիևի հետ հանդիպումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո հնարավորությունների պատմական պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Շատ կարևոր է, որ հնարավորության այս պատուհանը չփակվի: Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության հույսի նոր աղբյուր կդառնա: Հայաստանն այս գործընթացը պետք է դիտարկի ռազմավարական տեսանկյունից և երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Էրդողանը։
0Comments