Վարդան Ղուկասյանն ինձ վրա ճնշում չի գործադրել, իմ հրաժարականը անձնական պատճառներ ունի. «Հանրային ձայնի» անդամ

Մանրամասներ
Ամալյա Սարգսյան

Այո, Վարդան Ղուկասյանը (Դոգ-խմբ) հորդորել էր ներկա չլինել ավագանու նիստին, բայց իմ բացակայությունը կապված չէր իր հորդորի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընդդիմադիր մի քանի անդամներ զրկվեցին մանդատներից, «Հանրային ձայն»-ից միայն Վահան Սարգսյանը եւ Վահե Եսայանն էին ներկայացել, որն էլ հնարավորություն էր տվել քվորում ապահովել:

«Մեզ հետ դժբախտություն էր պատահել, իմ հորեղբայրը մահացել էր, ես մեկնել եմ ՌԴ, մասնակցել եմ հուղարկավորությանը եւ վերադարձել: Ինձ վրա երբեւէ ոչ ոք ճնշում չի գործադրել, ոչ Վարդան Ղուկասյան, ոչ ուրիշ այլ անձ: Եթե անգամ ձեզ նման բն ասեն՝ չհավատաք»,-ասաց նա:

Նշենք, որ Ամալյա Սարգսյանը հայտարարել է, որ վայր է դնում ավագանու անդամի մանդատը:

Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ «Հանրային ձայնի» հետ, ինչու այն պառակտվեց, նա պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց խմբակցությունը կշարունակի իր աշխատանքը: Խմբակցությունը միշտ աշխատել է հօգուտ Երեւանի ու երեւանցու: Վահան Սարգսյանն իմ կնքահայրն է, Վահե Եսայանն իմ ընկերն է, որոնց ես շատ սիրում, հարգում եմ եւ շարունակելու եմ հարգել ու սիրել: Իմ հրաժարականը չի նշանակում, որ ընկերական, մարդկային հարաբերությունները դրանով պետք է ավարտվեն»:

Դիտարկմանը, որ «Հանրային ձայնի» այդ երկու անդմներին դավաճանության եւ ՔՊ-ին օժանդակելու մեջ են մեղադրում, Ամալյա Սարգսյանն ասաց. «Ղալաթ են անում: Ասողը ղալաթ է անում: Վարդան Ղուկասյանը նման բան չի ասում, ես չեմ լսել»:

Խոսելով մանդատը դնելու իր որոշման մասին, նա ասաց. «Այս քայլն ավելի ճիշտ որոշում է, քան մնալը: Այստեղ ոչ թե այս կամ այն կողմին ընտրելու հարց է, այլ պարզապես ես որոշել եմ անձնական հարցերից ելնելով: Ես լսել եմ Վարդան Ղուկասյանի այդ եթերը, որտեղ նա հորդորում էր մանդատը վայր չդնել, բայց չմասնակցել նիստերին, բայց թերեւս ավելի լավ է ես գնամ: Ես իր հետ չեմ խոսել»:

Ամալյա Սարգսյանը չի ընդունում, որ «Հանրային ձայնը» մինչ այս պահը աջակցում է ՔՊ-ին. «Շատ բան կարող են ասել, ենթադրել, հորինել»: