Թինա Կանդելակիին թույլ չեն տա Ղազախստան մուտք գործել

Մանրամասներ
Թինա Կանդելակի

Ղազախստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտնել է, որ ռուսական TНT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակիին թույլ չեն տա Ղազախստան մտնել, եթե նա որոշի երկիր այցելել։ Ղազախստանի իշխանությունները դժգոհ են Կանդելակիի վերջին գրառումից՝ երկրում «ռուսաց լեզվի դուրսմղման» վերաբերյալ, գրում է kommersant.ru-ն։

Հունվարի 16-ին Կանդելակին Telegram-ում գրել էր, որ Ղազախստանում «դանդաղ, բայց հաստատակամ շարունակում են պետական մակարդակով դուրսմղել ռուսաց լեզուն»։ Նա այսպես էր մեկնաբանել Ղազախստանի տրանսպորտի նախարարության՝ մի քանի երկաթուղային կայարան վերանվանելու և ռուսական անունները ղազախականներով փոխարինելու ծրագրերը։ Կանդելակին հայտարարել էր, որ «պատմության մեջ սեփական տեղը պաշտպանելու պատրվակով կարելի է շատ հեռուն գնալ, հատկապես հարմար է պատմության հետևում թաքնվել՝ նման կասկածելի որոշումներ առաջ տանելու համար»։

ԱԳՆ ներկայացուցիչ Սմեդյարովն ասել է, որ Ղազախստանը «երբեք սա չի ների»։

«Այսօր կամ վաղը մեզնից մի պահանջեք դա (մուտքն արգելվածների ցուցակը), բայց պետությունը դա երբեք չի ների։ Միգուցե նա չի էլ պատրասվում ուղևորվել Ղազախստան, բայց եթե որոշի գալ, նրան ներս չեն թողնի», - ասել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։