Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան տուժածներ

Մանրամասներ
ավտովթար

Հունվարի 21-ին, ժամը 18։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է գազատար խողովակի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 1988 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2010 թ․), Ի. Հ.-ն (ծնված 2012 թ․) և Հ. Հ.-ն (ծնված 2016 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։