3,7 մլն դրամ՝ Ավինյանի աշխատասենյակի հատակի վերանորոգման համար. Factor.am

Մանրամասներ
ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառույցի լրատվության վարչությունից։

Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։ Լամինատե հատակի 1 քմ-ն քաղաքապետարանը գնել է 15 հազար 540 դրամով, ընդհանուր ձեռք է բերվել 156 քմ՝ 2,4 մլն դրամ արժեքով։

Տեղադրումն էլ արժեցել է 1,3 մլն դրամ։ Լամինատե հատակը մատակարարել և տեղադրել է «Տոփ-տեխ» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է «Թոփ Ֆլոր» անունով։ Այս ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գնի շրջանակներում միայն եվրոպական արտադրության լամինատե հատակներ են վաճառում։

Իսկ թե ինչու շուրջ 9 հազար դոլարանոց վերանորոգումը Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել բաց մրցույթով, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ աշխատանքներով զբաղվել է քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որն իրավունք ուներ մեկ այլ ՍՊԸ-ից առանց մրցույթի ծառայություններ ձեռք բերել։