Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Մանրամասներ
Մարգարա

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։

«Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության,  նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասաց Կարեն Թամազյանը։

1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: