«Պատկերացնում եմ՝ ինչ տեղի կունենա, եթե մեր բակ գա». Վարդան Հարությունյան

Մանրամասներ
նիկոլ վարդան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերին հետևելով պատկերացնում եմ, թե ինչ տեղի կունենա, եթե նա մեր բակ գա։

Շքախմբի գլուխն անցած, կոլխոզի նախագահի վստահ քայլերով (մեծահասակներին խնդրում եմ, որ բացատրեն երիտասարդներին, թե ինչ ասել է կոլխոզի նախագահ) նա բակ կմտնի ու անմիջապես կնկատի բակի ծառերից կախված պոլիէթիլենե գույնզգույն շինարարական պարկերը։

Կլցվի արդարացի զայրույթով։ Խոժոռ դեմքով շուրջը կնայի, աչքերը կոլորի ու մատը դեպի ծառերն ուղղելով կհարցնի․
- Ով ա՞ սրա պատասխանատուն։
- Կողքի շինարարությունից է, քամին է բերել,- կլսվի վախվորած մի ձայն։
- Ո՞ւր ա քաղաքապետը, համայնքապետն ո՞ւր ա, էդ շինարարին, հլը բերեք ըստեղ․․․․
Ապա իրեն ուղեկցողներից մեկին դիմելով կասի․
- Ուրեմն, հրաման պատրաստիր՝ հեռացնել աշխատանքից նախարար էսինչյանին ու մարզպետ էնինչյանին։

Ոչ ոք չի հարցնի, թե ինչ կապ ունեն այս պատմության հետ էսինչյանն ու էնինչյանը։ Կգրեն ու կհեռացնեն։

Այցից կես ժամից անց բակ կմտնեն բոլոր պատասխանատուները, կհավաքեն ծառերից կախված տոպրակները, աղբանոցից հետք անգամ չի մնա։ Քաղաքապետարանը կհայտարարի, թե այսուհետ խիստ են լինելու ու հետեւելու են, որ, ինչպես նորմալ քաղաքներում է, շինարարները համապատասխան ցանցով փակեն շինհրապարակները։ Հեռացված պաշտոնյաները ֆեյսբուքում անպայման կգրեն, որ երախտապարտ են Փաշինյանին ու իրենց գրառումները կավարտեն «Պատիվ ունեմ» բացականչությամբ։

Կարճ ժամանակ անց, բայց, կյանքը կրկին իր հունը կմտնի․ Փաշինյանը կմոռանա մարզերն ու մարզային դպրոցները։ Սահմանամերձ գյուղերը կշարունակվեն լքվել ու քայքայվել։ Շինհրապարակները ցանցով չեն փակի ու քամին քաղաքով մեկ փոշի կտարածի ու նոր, էլ ավելի գունեղ տոպրակներ կբերի ու կկախի մեր բակի ու այլ բակերի ծառերից, բայց մի կարեւոր իրադարձություն, այնուամենայնիվ, տեղի կունենա՝ բակի փոքրիկները կիմանան վերջապես, որ պոլիէթիլենե պարկերը ծառերի վրա չեն աճում»։