ԵՄ բնակիչների ավելի քան 70 %-ն ակնկալում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի 2024 թվականին։ Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդն (37 %) արդեն իսկ դժվարանում է վճարել հաշիվները։
Ինչպես տեղեկացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, այդ մասին վկայում է ԵԽ-ի կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքը:
Հարցումն անցկացվել է Եվրախորհրդարանի ընտրություններից վեց ամիս առաջ, որոնք նախատեսված են 2024 թվականի հունիսի 6-9-ը։
Եվրախորհրդարանը նշում է, որ եվրոպացիների կեսից ավելին (57 %) հետաքրքրված է առաջիկա ընտրություններով։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 70 %-ը համաձայնել է, որ ԵՄ գործողություններն ուղղակիորեն ազդում են իրենց առօրյա կյանքի վրա։
Հարցվածները կարծում են, որ եվրոպացի խորհրդարանականներին առաջին հերթին պետք է մտահոգեն աղքատության դեմ պայքարը և առողջապահական խնդիրները։
ԵՄ երկրների բնակիչները մտահոգված են նաև կլիմայի փոփոխությամբ, տնտեսական աջակցությամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, միգրացիայի և ապաստանի հարցերով։
Ուսումնասիրությանը մասնակցել է 26 523 մարդ։ Այն անցկացվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 19-ը ԵՄ 27 երկրներում։
0Comments