«Հրապարակը» շարունակում է հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ Ադրբեջանի կողմից գերեվարված ու Բաքվի բանտերում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը՝ հրապարակման մեջ չենք նշում անուն-ազգանուններ։
Նախորդ հոդվածում գրել էինք, որ քննիչը Սամվել Բաբայանին հարց է տվել, թե ով է հրահանգել, որ գնդակոծեն Գյանջան` հայկական Գանձակ քաղաքը, արդյոք դա Արայիկ Հարությունյանի հրամանո՞վ է իրականացվել։ Քննիչի եւ Բաբայանի հարցաքննությունը՝ ստորեւ։
Քննիչ․ «2020թ․ հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ նախագահի ուղերձը, որում նշել է, որ նրա հրամանով են այդ օրը թիրախավորել Գյանջա՝ հայկական Գանձակ քաղաքը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ, արդյոք նրա հրամանով իրականացվե՞լ է նման գործողություն, այն պայմաններում, երբ նա ուղղակի մասնակցություն չի ունեցել ԱՀ ՊԲ կառավարմանը։ ․․․ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին խնդրել կամ առաջարկել է, որ անձամբ նա Գանձակ քաղաքի թիրախավորման պատասխանատվությունը վերցնի իր վրա»։
Սամվել Բաբայան․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Գանձակ քաղաքի ռմբակոծելու վերաբերյալ հրաման չի տվել, բայց տեղյակ չեմ, թե ինչու է Արայիկ Հարությունյանը նշել, թե իբր նա նման հրաման է արձակել»։
Քննիչը Սամվել Բաբայանին նաեւ հարցրել է, թե պատերազմի ժամանակ ով էր ստանձնել Արցախի Հանրապետության հարավային ուղղության պաշտպանության պատասխանատվությունը, ի՞նչն էր նշված ուղղությամբ անհաջողությունների պատճառը։
Հիշեցնենք, որ հարավային թեւի օպերացիայի մշակումը, որի հետեւանքով թշնամին իր հսկողության տակ վերցրեց Հադրութը, ապա՝ Շուշին, սկսվել է հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով․ «Երեկ Արցախում էի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Տեսանյութում Փաշինյանի կողքին նստած են նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԱԾ տնօրենը եւ այլ պաշտոնյաներ։ Բաբայանի պատասխանը եւ ցուցմունքից ուշագրավ այլ դրվագներ կներկայացնենք հաջորդիվ»:
0Comments