Զգալի տարածքներ ենք կորցնելու Հայաստանից, իսկ Փաշինյանը փախչելու է՝ արյուն հեղելուց հետո. Սուրեն Սուրենյանց. VIDEO

Մանրամասներ
սուրեն սուրենյանց

«Դեմոկրատական այլընտանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում Արցախի և Հայաստանի սահմանին, քանի որ սպառված է համարում Նիկոլ Փաշինյանին տված ժամանակը։

«Փաշինյանն այլևս ժամանակ ձգելու ռեսուրս չունի. նա հայտնվել է բրյուսելյան հարթակի հետևանքով իր իսկ փորած ծուղակում, ուստի, որպեսզի Ալիևին չտա այն, ինչ խոստացել է, ժամանակ է փորձում նորից ձգել, ինչը թույլ չի տալիս Ալիևը։ Հայաստանի և Արցախի սահմանին զինտեխնիկայի կուտակումն ու Ադրբեջանում մասնակի մոբիլիզացիան արվում են այն բանի համար, որ կոշտ հարկադրանքով Փաշինյանից ստանան այն, ինչ խոստացել է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սուրենյանցը։

Ըստ նրա՝ Փաշինյանը պարտված երկրի ղեկավար է, իսկ նման ղեկավարը չի կարող իր խոստումներից հրաժարվել, որովհետև դա Ադրբեջանի ձեռքերն ազատելու է պատերազմ սկսելու համար։

«Ուստի, եթե նոր պատերազմ եղավ, դա Փաշինյանի մեղքով է, որովհետև նոյեմբերի 9-ով ստանձնած պարտավորությունը չկատարելու՝ Ադրբեջանին ճանապարհ չտալու համար, նետվեց Արևմուտքի գիրկը, որ իրեն վստահեն, օգնեն, ինչը, սակայն, չեն անում։ Փաշինյանը հենց դա ապացուցող ինքնախոստովանություն արեց օրերս իտալական թերթին իր տված հարցազրույցում, երբ ասաց, որ ո՛չ արևմտամետությունից է կարողանում օգուտ քաղել, ո՛չ ռուսամետությունից»,- ասաց Սուրենյանցը։

Քաղաքական գործչի փոխանցմամբ ՝ Արևմուտքին սիրաշահելու միջոցով Ալիևին իր տված խոստումները չկատարելու համար ժամանակ ձգելու համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին օրերին ընդդեմ Ռուսաստանի դեմարշը, որի ծիրում է նաև կնոջ այցն Ուկրաինա և Հայաստանից հումանիտար բեռի փոխանցումն այդ երկիր։

«Ստեղծված իրավիճակից կարող ենք դուրս գալ երկու ճանապարհով՝ կամ նոր պատերազմով, կամ Փաշինյանի հեռացմամբ»,- ասաց Սուրենյանցը՝ Հայաստանի համար ներկա ժամանակահատվածը համարելով պատերազմից հինգ պակաս ժամանակաշրջան։

Սուրենյանցն ուշագրավ համարեց այն, որ պատերազմի սպառնալիքին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ՀԱՊԿ զորավարժություններից և մասնակցում են Ամերիկյան՝ ընդամենը խաղաղապահ բնույթ ունեցող զորավարժությանը.

«Հայաստանը խարխափում է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերի արանքում. մեր պետականությունը կարող է կործանվել, և դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ ժողովրդի մի մասը 2021 թվականի ընտրություններին գնդակահարեց Հայաստանի Հանրապետությունը՝ ընտրելով Փաշինյանի թիմին։ Դա է պատճառը, որ հասարակությունն իր ընտրության համար ամեն օր գին է վճարում»,- ասաց նա՝ շարունակելով.

«Արևմտյան ծուղակի և՛ մասնակից, և՛ զոհ Փաշինյանը, միևնույն ժամանակ վախենում է ռուսական զայրույթից. եթե չվախենար, ապա հիմա ստորագրել էր արևմտյան տարբերակը, որը նույն ադրբեջանականն է, որի նպատակն Արցախում ապրող հայերի տարհանումն է»։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ Փաշինյանի 5 տարվա գործունեության ամփոփումը ցույց է տալիս, որ Արցախն ու Հայաստանը դարձել են Փաշինյանի 2 ցնորամտության զոհը. առաջին ցնորամտությունն այն է, որ Փաշինյանին հանգիստ չէր տալիս Տիգրան Մեծի հռչակը, ու իրեն թվում էր, որ կարող է Տիգրան Մեծ դառնալ, բայց երբ տեսավ, որ անգամ Ցռան Վերգո չի կարող մնալ, մտավ երկրորդ արկածախնդրության կամ ցնորամտության մեջ և ցանկանում է դառնալ Հայաստանի առաջին աննախադեպ ղեկավարը, որը Հայաստանն ազատագրելու է ռուսական 300-ամյա լծից։

«Փաշինյանի առաջին արկածախնդրության պատճառով մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, երկրորդ արկածախնդրության պատճառով զգալի տարածքներ ենք կորցնելու Հայաստանից. Հայաստանին սպառնում է Ալեքսանդրապոլի պայմանագիր 2, ուստի դա չունենալու միակ պայմանը Փաշինյանին հեռացնելն է։ Նա հրաժարական չի տալու. երբ տեսնի, որ այլևս չի կարողանում ժամանակ ձգել և կարող է ևս մեկ ավեր չմարսել, փախչելու է։ Հանգիստ հրաժարականի տարբերակը մոռացեք, նա արյուն կհեղի, բայց չի հեռանա։ Փաշինյանը ժողովրդի թիկունքում ավեր գործելով է փախչելու երկրից, իսկ Փաշինյանի թիկնազորը նրան շղթայակապ կանի, եթե փողոցում հազարավոր մարդիկ լինեն»,- խոսքը եզրափակեց Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։